Օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվությունն արդեն պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ առանձին դեպքերի, օտարերկրացին աշխատանքի կարող է ընդունվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախապես ձեռք բերված աշխատանքի թույլտվության հիման վրա:
Գործընթացի նպատակն, ըստ էության, առկա թափուր աշխատատեղը աշխատուժի ներքին առաջարկով համալրելու հնարավորության ապահովումն է: Այս նպատակով օրենսդիրը գործատուին պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել թափուր աշխատատեղի նկարագիրը, որը նախարարության կողմից մուտքագրվում է զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարան: Այն դեպքում, երբ հայտնաբերվում են տվյալ թափուր աշխատատեղին համապատասխանող աշխատանք փնտրող անձինք, իրենց համաձայնությամբ վերջիններս ուղեգրվում են գործատուի մոտ: Այն դեպքում, երբ բացակայում է գործատուի պահանջներին համապատասխանող որևէ թեկնածու կամ եթե առաջադրված թեկնածուն մերժվում է գործատուի կողմից, ապա գործատուն նախարարություն է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր՝ կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվություն ստանալու համար: Անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարը կամ նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն ընդունում է որոշում` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար գործատուի առաջարկած կոնկրետ ժամկետով գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին: Ընդ որում՝ աշխատանքի թույլտվություն տրամադրելը կարող է մերժվել, եթե. 1) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը. 2) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն. 3) պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են. 4) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները. 5) գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանն սպառնացող պատճառներ: Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը նախարարությունն առձեռն փոխանցում է գործատուին կամ ուղարկում է նրան փոստով` պատվիրված նամակով: Ընդ որում՝ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը պետք է բովանդակի մերժման համապատասխան հիմքը: Հայաստանի Հանրապետություն ժամանելով օտարերկրացին պետք է դիմի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նպատակով: Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործատուն դրա կրկնօրինակը պարտավոր է ներկայացնել նախարարություն: Գործատուի կողմից ներկայացված աշխատանքային պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը (գործատուի անվանումը, աշխատանքային պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, օտարերկրացու կողմից զբաղեցված պաշտոնի անվանումը) նախարարությունը տեղադրում է նախարարության www.mlsa.am կայքէջում: Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև դրա գործողության ժամկետի լրանալը, ապա աշխատանքային պայմանագիրը լուծելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել նախարարությանը: Այն դեպքում, երբ գործատուն աշխատանքի թույլտվությամբ նշված աշխատանքով չի ապահովում ՀՀ ժամանած օտարերկրացուն, օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով պարտավոր է կրել նրա, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների (որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան) ապրուստի, վերջիններիս կողմից իրենց ծագման պետություն (կամ այն պետություն, որտեղից ժամանել են) վերադառնալու, ինչպես նաև նրանց անձնական ունեցվածքը հետ փոխադրելու կետ կապված ծախսերը: