Գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կնքել աշխատանքային պայմանագիր և նրան ապահովել այն աշխատանքով (աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով), որի համար իրեն տրամադրվել է աշխատանքի թույլտվությունը:

Հիշյալ պարտավորությունը չկատարելու պարագայում գործատուի մոտ ծագում է օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների (որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան) ապրուստի միջոցը ժամանակավոր հոգալու, վերջիններիս կողմից իրենց ծագման պետություն (կամ այն պետություն, որտեղից ժամանել են) վերադառնալու, ինչպես նաև նրանց անձնական ունեցվածքի հետ փոխադրելու կետ կապված ծախսերը հոգալու պարտավորություն:
Համաձայն գործող կարգավորումնրի՝ գործատուն պարտավոր է օտարերկրացուն ապրուստի միջոց տրամադրել երկու ամիս ժամանակահատվածի համար, ընդ որում՝ յուրաքանչյուր ամսվա համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, վերջինս պարտավոր է կրել նաև անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի քառապատիկը օտարերկրացուն միանվագ հանձնելու միջոցով:
Օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների (որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան) իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են վերադարձի ծախսերը ևս ենթակա են հատուցման գործատուի կողմից: Այս դեպքում վերադարձը կատարվում է օտարերկրացու կողմից ընտրված տրանսպորտային միջոցով և տվյալ պահին հնարավոր նվազագույն գներով:
Գործատուի մոտ չի ծագում հիշյալ ծախսերը հոգալու պարտավորություն, եթե օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվում է.
• աշխատողի նախաձեռնությամբ,
• դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը,
• օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից աշխատողի զրկվելու հիմքով,
• աշխատանքի ընդունվելիս կեղծ տեղեկություններ ներկայացրած լինելու հիմով, աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու հիմքով,
• աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու հիմքով,
• աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով,
• աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու հիմքով,
• անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով,
• պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու հիմքով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital