Ընդհանուր կանոնի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել կարող է 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Ազգությամբ հայերը կարող են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել պարզեցված կարգով, այն է՝ առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողն անձամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտար երկրում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն և հյուպատոսական հիմնարկ պետք է ներկայացնի
1) դիմում,
2) հարցաթերթիկ,
3) անձնագիրը և դրա պատճենը.
4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
5) ծննդյան վկայականը և դրա պատճենը.
6) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ,
7) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Ընդ որում, ազգությամբ հայ լինելու փաստը հավաստող ապացույց է ծառայում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.
ա. ՀՀ կառավարության կողմից սահմանված եկեղեցական կառույցների կողմից տրված և հյուպատոսական կարգով հաստատված մկրտության մասին փաստաթուղթ` մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ հաստատված` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ (ազգությունը հաստատող տեղեկանք, քաղվածք ծննդյան ակտից և այլն):
գ. Սահմանված կարգով հաստատված ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ.
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Ընդ որում՝ համահայր (միևնույն հորից սերված) կամ համամայր (միևնույն մորից սերված) եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ: Նշված փաստերը հաստատող փաստաթղթերի հետ միասին դիմումատուն պետք է ներկայացնի նաև տվյալ անձի հետ իր ազգակցական կապը հիմնավորող` փաստաթուղթ: