Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համար գործատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նախապես պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում աշխատել առանց աշխատանքային թույլտվության:

 Առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատել կարող են.
• Հայաստանի Հանրապետության մշտական կացության կարգավիճակ ունեցող անձինք, հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, ինչպես նաև անձինք, ովքեր ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելու հիմքով,
• ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող այն օտարերկրացիները, ոբքեր կացության կարգավիճակը ձեռք են բերել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու հիմքով՝ մինչև կացության կարգավիճակի ժամկետի ավարտը:
• Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.
• սահմանամերձ շրջանների աշխատողները, ինչպես նաև կարճ ժամկետով ժամանող մշակութային և սպորտային մասնագիտություն ունեցող անձինք.
• օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները.
• օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.
• օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները.
• Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.
• Օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները, ովքեր Հայաստանի Հանրապետություն են հրավիրվել ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով.
• լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները.
• փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` մինչև կացության ժամկետի լրանալը.
• համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները.
• օրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք և հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը.
• Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.
• Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները (Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և այլն):

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital