Պաշտոնական պարզաբանում ՊՆ-ից.

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը սահմանում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների այն շրջանակը, ովքեր վճարի դիմաց կարող են ազատվել իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումից:

Ըստ այդմ՝ օրենքի գործողությունն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:
Նորմի ոչ հստակ ձևակերպումը գործնականում քաղաքացիների մոտ առաջացնում էր տարընկալումներ հատկապես այն հարցի շուրջ՝ դրանում կիրառված  «այդ ընթացքում» (այսինքն՝ մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը) բառակապակցությունը վերաբերում է միայն օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած)» պայմանին, թե նաև «27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած» պայմանին:
Ըստ այդմ՝ ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանել է, թե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ո՞ր քաղաքացիները կարող են օգտվել քրեական հետապնդումից ազատվելու՝ հիշյալ օրենքով սահմանված հնարավորությունից:
Այսպիսով՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության հիմքով օրենքը չի տարածվում 2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած քաղաքացիների վրա:
Օրենքը տարածվում է հետևյալ երկու կարգավիճակներից որևէ մեկն ունեցող քաղաքացիների վրա`
1) 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (այդ ընթացքում) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ`
2) 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (այդ ընթացքում) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:
Հիշեցնենք, որ համաձայն ներկայիս կարգավորումների՝ օրենքի գործողությունը երկարաձգվել է վերջին անգամ և գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital