Ապացուցման բեռի բաշխմանը վերաբերող կարգավորումները թերևս ՀՀ քաղաքացիական նոր օրենսգրքի ամենաառանցքային բարեփոխումներից են: Դատարանների համար որոշակի քաշքշուկ առաջացնող նոր կարգավորումներն ուղղակիորեն բխում են դատավարական այս կարևոր գործողությունը մակերեսորեն իրականացնելու մինչ այդ ձևավորված դատարանների գործելակերպից:

Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը դատավարական գործողությունների շարքում առանձնահատուկ կարևորել է դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխումը: Ի տարբերություն նախկին օրենսգրքի, որով ապացուցման բեռի բաշխումը տեղի էր ունենում բանավորության կարգով՝ նոր օրենսգիրքը դատարանին պարտավորեցնում է յուրաքանչյուր գործով կայացնել առանձին որոշում՝ սահմանելով այն տեղեկությունները, որոնք պարտադիր կերպով պետք է տեղ գտնեն որոշման մեջ: Ըստ այդմ՝ ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու մասին դատարանի  որոշման մեջ պետք է նշվեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը; այն փաստերը, որոնք չունեն ապացուցման կարիք; այն փաստերը, որոնք ենթակա են ապացուցման; ինչպես նաև գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը; գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նախորդ օրենսգրքի գործողության ժամանակ, դատարանները, ապացուցման բեռը կողմերի միջև բաշխելիս, կողմերի վրա դնում էին իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու դատավարական բեռը՝ չմասնավորեցնելով, թե որոնք են դրանք, ինչպես նաև չառանձնացնելով այն փաստերը, որոնք էական են տվյալ քաղաքացիական գործի ելքի համար: Սա այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը, կարևորելով քննարկվող դատավական գործողությունը, ձևավորված գործելակերպին վերջ դնելու նպատակով դեռևս 27.05.2011 թվականին կայացրած իր որոշումներից մեկում նշել էր, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: (տե´ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ՝ 22.04.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով (ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի) կայացված որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես նշել է, որ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման բեռի բաշխման կանոնները հատկապես վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել էր նաև, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից:
Վերադառնալով նոր կարգավորումներին, թերևս պետք է նշել, որ ապացուցման բեռի բաշխման գործընթացում ձեռնարկված միջոցների արդյունքը գրավոր ձևակերպելու ներկայիս պահանջն անխուսափելիորեն բարձրացնելու է դրա կատարման արդյունավետությունը:  Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս ուղղությամբ դատարանի կողմից ձեռնարկվող բոլոր գործողությունները պետք է լինեն բացառապես քաղաքացիական դատավարությանը բնորոշ մրցակցային սկզբունքին համահունչ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital