«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»
Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է, մասնավորապես, ընդլայնել դրա գործողությունը և դրանում ներառել 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Սա նշանակում է, որ օրինագիծն ընդունվելու դեպքում սահմանված գումարի վճարմամբ հնարավորություն կունենան դադարեցնել իրենց նկատմամբ հարուցված քեական հետապնդումն այն քաղաքացիները, ովքեր 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրենքի խախտմամբ խուսափել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից և որոնց 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացել է հիշյալ ժամանակահատվածում, կամ մինչև 27 (35) տարին լրանալը հիշյալ ժամանակահատվածում նրանք ձեռք են բերել օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ զորակոչից տարկետում ստանալու հիմքեր:
Նշենք, որ օրինագիծը փոփոխություն չի նախատեսում օրենքի գործողության վերջնաժամկետը սահմանող նորմում, ինչը նշանակում է, որ այն ընդունվելու դեպքում օրենքով սահմանված հնարավորությունից օգտվել ցանկացող բոլոր քաղաքացիները սահմանված կարգով պետք է դիմեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Վերջում հիշեցնենք, որ ներկայիս կարգավորումների համաձայն օերնքի գործողությունը ներառում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:
- Ծառայությունից խուսափած հայրենակիցները կարող են հայրենիք վերադառնալ (25 մարտի 2019թ.)
- «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը կարող է լուծել բանակում ծառայություն չանցած հազարավոր քաղաքացիների խնդիրը