Իրավաբանական անձի մասնակիցը օրենքով սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) այլ մասնակիցների կամ երրորդ անձանց օտարելու իրավունք ունի: Հատկանշական է, որ կնքված գործարքի արդյունքում որպես մասնակից գնորդի իրավունքը ծագում է միայն դրա պետական գրանցման պահից:
Փաստաթղթերը, որոնք շահագրգիռ անձը պետք է ներկայացնի իրավասու մարմին ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար, սահմանված են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ընդ որում, մասնակցի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ բաժնեմասի չափը պետք է գրանցվի ինչպես իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում, այնպես էլ փոփոխությունը պետք է արտացոլվի ընկերության կանոնադրությունում: Այս դիրքորոշմանն է հանգել ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԿԴ/0779/02/10 քաղաքացիական գործով (Սուսաննա Խաչատրյանն ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյան) բերված վճռբեկ բողոքը քննելիս:
Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ կանոնադրությունն ընկերության իրավական կարգավիճակը սահմանող կարևորագույն փաստաթուղթ է: Կանոնադրությունը կարգավորում է հիմնադիրների (մասնակիցների) ներքին փոխհարաբերությունները, դրանով սահմանվում են, մասնավորապես, ընկերության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության նպատակը և առարկան, կառավարման և վերահսկողության մարմինները, շահույթի բաշխման կարգը և այլն: Կանոնադրության (նաև փոփոխությունների) գրանցումն ինքնանպատակ չէ: Այն հնարավորություն է տալիս հանրությանը՝ ամբողջական տեղեկություններ ստանալ իրավաբանական անձի մասին: Դա հատկապես կարևորվում է առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց համար, քանի որ վերջիններիս ապագա հնարավոր կոնտրագենտները հնարավորություն են ունենում տեղեկություններ ձեռք բերել իրենց ապագա գործընկերների մասին՝ բացահայտելով վերջիններիս գործունեության նպատակները, կառավարման մարմինների արդյունավետությունը, մասնակիցների շրջանակը, ինչը կարևոր է, քանի որ մասնակիցների շրջանակով պայմանավորված՝ ապագա կոնտրագենտները կարող են հրաժարվել պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել տվյալ իրավաբանական անձի հետ:
Հետևաբար անկախ իրավաբանական անձի մասնակիցների կամ հնարավոր մասնակիցների ներքին հարաբերություններից, ներքին պայմանավորվածությունից՝ բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը դրա նկատմամբ ծագում է միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում այն գրանցելու, ընկերության կանոնադրությունում փոփոխություն կատարելու և այն գրանցելու պահից: