Այսօրվանից ուժի մեջ են մտել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում կատարված փոփոխությունները:
Օրենքում կատարված փոփոխություններով ընդլայնել է օրենքի գործողությունը, ինչը ներկայումս ներառում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի1-ն ընկած ժամանակահատվածը: Վերջնական տեսքով ընդունված օրինագիծը, փաստորեն, նախատեսում է գործողության առավել լայն շրջանակ, քան ի սկզբանե ներկայացված էր նախագծով:
Սա նշանակում է, որ օրենքի գործողության ոլորտը ներկայումս ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:
Նշենք, որ փոփոխություն չի կատարվել օրենքի գործողության վերջնաժամկետը սահմանող նորմում, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված հնարավորությունից օգտվել ցանկացող բոլոր քաղաքացիները սահմանված կարգով պետք է դիմեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: