2017 դեկտեմբերի 28-ին ուժի մեջ են մտել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
Հիշյալ փոփոխություններով՝ դեռևս 2003 թվականին ընդունված և գործողության ժամկետը բազմակի անգամ երկարաձգած հիշյալ օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:   

Սա վերջին հնարավորություն  է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) այն անձանց համար, որոնց նկատմամբ այդ կապակցությամբ առկա է քրեական հետապնդում, լրացել է նրանց 27 (պահեստազորի սպաները՝ 35)  տարին կամ մինչև 27 (35) տարին լրանալը ձեռք են բերել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր:
Քաղաքացիներին վերջին հնարավորությունն ընձեռնվել է փոխհատուցման վճարի կտրուկ ավելացմամբ:
Այսպես, եթե նախկինում խուսափած յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարի չափը կազմում էր 100.000 ՀՀ դրամ և ժամկետային զինծառայության դեպքում 18 զորակոչերի հաշվարկով այն կազմում էր 1.800.000 ՀՀ դրամ, ապա կատարված փոփոխություններով մինչև օրենքի գործողության վերջնական դադարումը խուսափած յուրաքանչյուր զորակոչի վճարի չափը կրկնապատկվել է և կազմում է 200.000 ՀՀ դրամ (առավելագույն 18 զորակոչերի դիմաց՝ 3.600.000 ՀՀ դրամ):
Այդ վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար:
Օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, անձին տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:
Օրենսդիրների պնդմամբ, օրենքի գործողության առաջիկա դադարեցումը պայմանավորված է այն իրողությամբ, որ գործնականում այն հասարակությունում ընկալվում է ոչ թե զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդներին քրեական պատասխանատվությունից ազատելու միջոցով հայրենիք վերադարձնելու հնարավորություն, այլ վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու գործուն միջոց:
Օրենքի գործողության առաջիկա դադարեցմամբ նախատեսվում է ժամկետային զինծառայությունից խոսափած բոլոր անձանց սահմանված կարգով ենթարկել քրեական պատասխանատվության:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital