Այսուհետ ՀՀ քաղաքացուց ծնված երեխան կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել անակախ օտարերկրյա ծնողի համաձայնությունից, եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս կարգավորումներով ՀՀ և օտարերկրյա քաղաքացուց ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողների փոխադարձ համաձայնությամբ:

Եթե նախկին իրավակարգավորումներով ընդհանուր կանոնից նախատեսվում էին բացառություններ երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում քաղաքացիություն չունեցող անձ համարվելու վտանգի, ինչպես նաև երեխայի ծնողների՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու դեպքերում, ապա 2017 թվականի դեկտեմբերի 6-ին օրենքում կատարած փոփոխություններով վերջին հիմքը փոխարինվել է երեխայի շահերից բխող մեկ այլ հիմքով, որը երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու հանգամանքն է:
Բանն այն է, որ գործնականում, հաճախ, օտարերկրյա պետությունում ծնված երեխան ծնողների ամուսնալուծության (բաժանության) արդյունքում ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետ տեղափոխվում և մշտական բնակություն էր հաստատում Հայաստանի Հանրապետությունում:
Երեխայի իրավունքները Հայաստանի Հանրապետությունում լիարժեք իրացնելու (անվճար կրթություն, բուժօգնություն և այլն) ցանկությունն առաջացնում էր կացության կարգավիճակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու անհրաժեշտությունը: Քանի որ օրենքով պահանջվում էր Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող օտարերկրացի ծնողի գրավոր համաձայնությունը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում, ուստի միշտ չէ, որ հաջողվում էր իրականացնել երեխայի փաստաթղթավորումը: Ստեղծված պայմաններում տուժում էին երեխայի լավագույն շահերը, որն առաջնային դիտարկելու պարտավորությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնել էր դեռևս «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացնելիս:
Օրենքում տեղ գտած փոփոխություններն առավել իրագործելի կդարձնեն նաև ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված երեխայի՝ սահմանադրական իրավունքի իրացումը, ըստ որի յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
Բացի այդ հստակեցվել է նաև, որ երեխայի՝ այլ  պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանը:
Նոր կարգավորումներով վերացել է նաև ՀՀ քաղաքացիությունը հավաստող վկայականի՝ որպես քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի կիրառությունը, ինչը պայմանավորված էր նման փաստաթուղթ տրամադրելու գործող կարգի բացակայությամբ:  
Այսպիսով, այն դեպքում, երբ պահանջվում է ներկայացնել մինչև 16 տարին լրացած անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, կարող է ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը և ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը: Ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսանալու դեպքում, երեխայի քաղաքացիությունը կարող է հաստատվել վերջինիս տրված անձնագրով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital