Փաստաթղթերի ապոստիլով հաստատում

Ապոստիլը պաշտոնական փաստաթղթերի միջազգային վավերացման եղանակ է։ Միջազգային վավերացման տրամաբանությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն իր իրավասու մարմնի միջոցով հաստատում է, որ տվյալ փաստաթուղթը կամ դրա վավերացումը կատարվել է իր երկրի համապատասխան պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից։ Դա անհրաժեշտ է կեղծիքները կանխելու համար, քանի որ օտարերկրյա պետական մարմինները չեն կարող ինքնուրույն ստուգել և իմանալ, թե արդյոք ներկայացված փաստաթղթի ստորագրությունն ու կնիքն իսկապես պատկանում են տվյալ երկրի իրավասու մարմնին։ Այսպիսով, ապոստիլը հավաստում է պաշտոնական փաստաթղթի վրա առկա ստորագրության իսկությունը, փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնեական դիրքը և, համապատասխան դեպքերում, կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը։ Այն չի հավաստում փաստաթղթի բովանդակության ճշմարտացիությունը։

Ապոստիլով հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունում տրված փաստաթղթերն օգտագործել օտարերկրյա պետություններում՝ առանց լրացուցիչ դիվանագիտական կամ հյուպատոսական օրինականացման։ Ապոստիլով վավերացման կարգը սահմանված է 1961 թվականի հոկտեմբերի 5-ի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիայով, որի մասնակից է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Ո՞ր փաստաթղթերը կարող են վավերացվել ապոստիլով

Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով կարող են վավերացվել ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում՝

- Ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան վկայականները։
- Դատական ակտերը և դատարանների կողմից տրված այլ պաշտոնական փաստաթղթերը։
- Կրթության վերաբերյալ փաստաթղթերը՝ դիպլոմները, վկայականները և համապատասխան տեղեկանքները։
- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից քաղվածքները և գրանցման վերաբերյալ այլ պաշտոնական փաստաթղթերը։
- Նոտարական կարգով վավերացված փաստաթղթերը։
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքներն ու այլ պաշտոնական փաստաթղթերը։

Փաստաթղթի ապոստիլով վավերացման հնարավորությունը որոշվում է դրա տեսակով, ձևակերպմամբ և օրենսդրությամբ սահմանված պահանջներով։

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը չեն վավերացվում հայկական ապոստիլով։

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ապոստիլ

Ապոստիլով վավերացումը կարող է անհրաժեշտ լինել, երբ Հայաստանի Հանրապետությունում տրված փաստաթուղթը պետք է ներկայացվի արտերկրում, մասնավորապես՝

- Օտարերկրյա պետությունում ամուսնություն գրանցելու համար։
- Քաղաքացիություն կամ բնակության իրավունք ստանալու նպատակով։
- Արտերկրում կրթությունը շարունակելու կամ աշխատանքի ընդունվելու համար։
- Օտարերկրյա բանկերում կամ այլ ֆինանսական հաստատություններում փաստաթղթեր ներկայացնելու համար։
- Օտարերկրյա պետությունում ընկերություն գրանցելու կամ գործարար գործունեություն իրականացնելու նպատակով։
- Օտարերկրյա դատարաններում կամ պետական մարմիններում փաստաթղթեր ներկայացնելու համար։

Ապոստիլի անհրաժեշտությունը կախված է փաստաթղթի օգտագործման երկրից, փաստաթղթի տեսակից և այն ընդունող մարմնի պահանջներից։

Ապոստիլ և փաստաթղթերի թարգմանություն

Ապոստիլով վավերացված փաստաթուղթը արտերկրում օգտագործելու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է նաև դրա թարգմանությունը համապատասխան լեզվով։ Կախված փաստաթուղթն ընդունող մարմնի պահանջներից՝ կարող են անհրաժեշտ լինել թարգմանության նոտարական վավերացում կամ լրացուցիչ ձևակերպումներ։ Ուստի փաստաթղթի ապոստիլով վավերացման և թարգմանության հերթականությունը նպատակահարմար է որոշել՝ նախապես ճշտելով այն ընդունող հաստատության պահանջները։

Ապոստիլ, թե՞ հյուպատոսական օրինականացում

Ապոստիլը կիրառվում է այն պետությունների միջև, որոնց հարաբերություններում գործում է 1961 թվականի Հաագայի կոնվենցիան։ Եթե փաստաթուղթը նախատեսված է օգտագործելու այնպիսի պետությունում, որի հետ Կոնվենցիան կիրառելի չէ, կարող է անհրաժեշտ լինել հյուպատոսական օրինականացում կամ վավերացման այլ ընթացակարգ։ Միաժամանակ, որոշ միջազգային պայմանագրերով հնարավոր է նախատեսված լինի պաշտոնական փաստաթղթերը առանց ապոստիլի կամ հյուպատոսական օրինականացման ընդունելու կարգ։ Հետևաբար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փաստաթղթի օգտագործման երկիրը և գործող միջազգային պայմանագրերը։

Ապոսստիլ հաստատումով փաստաթղթերն ընդունելի են հետևյալ երկրներում․

Ալբանիա, Ալժիր, Անդորրա, Անտիգուա և Բարբուդա, Արգենտինա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բահամներ, Բահրեյն, Բանգլադեշ, Բարբադոս, Բելառուս, Բելգիա, Բելիզ, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բոտսվանա, Բրազիլիա, Բրունեյ, Բուլղարիա, Բուրունդի, Կաբո Վերդե, Կանադա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Կուկի կղզիներ, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Դոմինիկա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էլ Սալվադոր, Էստոնիա, Էսվատինի, Ֆիջի, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Գրենադա, Գվատեմալա, Գայանա,  Հոնդուրաս, Հունգարիա, Իսլանդիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճամայկա, Ճապոնիա, Ղազախստան, Կոսովո, Ղրղզստան, Լատվիա, Լեսոտո, Լիբերիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալավի, Մալթա, Մարշալյան կղզիներ, Մավրիկիոս, Մեքսիկա, Մոնակո, Մոնղոլիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Նամիբիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նիկարագուա, Նիուե, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Օման, Պակիստան, Պալաու, Պանամա, Պարագվայ, Պերու, Ֆիլիպիններ, Լեհաստան, Պորտուգալիա, Հարավային Կորեա, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Ռուանդա, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սամոա, Սան Մարինո, Սան Տոմե և Պրինսիպի, Սաուդյան Արաբիա, Սենեգալ, Սերբիա, Սեյշելյան կղզիներ, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Իսպանիա, Սուրինամ, Շվեդիա, Շվեյցարիա։ Տաջիկստան, Թաիլանդ, Տոնգա, Տրինիդադ և Տոբագո, Թունիս, Թուրքիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Ուզբեկստան, Վանուատու, Վենեսուելա, Վիետնամ։

 

Այլեքս իրավաբանական ընկերությունն իրավական աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում տրված պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման գործընթացում։

Մեր ծառայությունները ներառում են՝

- Փաստաթղթի ապոստիլով վավերացման անհրաժեշտության և հնարավորության գնահատում, 
- Ապոստիլով վավերացման գործընթացի կազմակերպում և ուղեկցում,
- Փաստաթղթերի թարգմանության և անհրաժեշտության դեպքում նոտարական վավերացման կազմակերպում,
- Վավերացված փաստաթղթերի ստացման և առաքման կազմակերպում։

Ծառայության արժեքը և կատարման ժամկետները համաձայնեցվում են՝ հաշվի առնելով փաստաթղթի տեսակը, պահանջվող գործողությունները և պատվերի առանձնահատկությունները։