Փաստաթղթեր ստորագրելուց առաջ խորհրդակցեք իրավաբանի հետ

Քաղաքացի Գ․ Հ․ ամուսինը` Ղ․ Վ․ եղել է հայաստանյան առևտրային բանկերից մեկի հաճախորդը, ով Բանկի առջև ունեցել է վճարային պարտավորություն` 246.038 ՀՀ դրամի չափով: 29.01.2012թ.-ին Ղ․ Վ․ մահացել է:

Ամուսնու մահից հետո Բանկի աշխատակիցը կապ է հաստատել քաղաքացու հետ և հրավիրել Բանկ, որտեղ վերջինիս պարզաբանվում է իր հանգուցյալ ամուսնու վարկային պարտքը մարելու կնոջ պարտավորությունը:

Քաղաքացին առանց խորհրդակցելու իրավաբանի հետ, վստահելով Բանկի օրենսդրական պարզաբանումներին, որպես օրինապահ քաղաքացի ստորագրում է Բանկի կողմից տրված փաստաթղթերը: Այնուհետև վերջինիս հանձնում են վարկի մարման «գրաֆիկ», որպեսզի վերջինս մարի իր հանգուցյալ ամուսնու պարտքը:

Գ․ Հ․ հետագայում տեղեկանալով, որ կարող էր նշված փաստաթղթերը չստորագրել, չստանձնել իր հանգուցյալ ամուսնու պարտքը մարելու պարտավորությունը և որ համաձայն օրենսդրության պարտապանի մահվան դեպքում պարտավորության իրավահաջորդություն է տեղի ունենում միայն պարտապանի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունած լինելու պարագայում, գիտակցում է խաբված լինելու փաստը և 2012 հունիսի 22-ին դիմում է «Այլեքս» փաստաբանական գրասենյակ` իր խախտված իրավունքների վերականգնման հարցում իրավական աջակցություն ստանալու նպատակով: Ընկերության փաստաբանի կողմից հայցադիմում է ներկայացվում Ընդհանուր իրավասության դատարան այն հիմքով, որ փաստորեն անձը խաբվել է, վերջինիս չի պարզաբանվել նշված պարտավորությունը չստանձնելու իրավունքը, Գ․ Հ․-ն նույնիսկ չի հանդիսացել Բանկի հաճախորդ, չի ընդունել ժառանգությունը և չուներ պարտքի մարումը կատարելու որևէ պարտավորություն: Հատկանշական է, որ Բանկի կողմից Գ․ Հ․-ին հանձնվել է միայն մարման գրաֆիկը, որպեսզի վերջինս կատարի իր ամուսնու պարտավորությունները: Սակայն, ցավոք, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քաղաքացու հայցը նշելով,

«Քանի որ որևէ իրավանորմով ամրագրված չէ բանկի պարտականությունը բացատրել գործարքի կողմերին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հնարավոր կամ անհրաժեշտ դրույթները և ելնելով Գ․ Հ․-ի ստորագրած փաստաթղթերի բովանդակությունից, ու դրանց պարզ շարադրանքից` ակնհայտ է, որ Գ․ Հ․-ին հասկանալի է եղել գործարքի բուն իմաստը, ըստ որի` վերջինս գրավոր պարտավորություն է ստանձնել բանկի հանդեպ` մարել իր հանգուցյալ ամուսնու պարտքը»:

Փաստորեն սույն որոշմամբ անտեսվեց այն պարզ իրականությունը, որ Բանկի` որպես առավել հեղինակավոր ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը ստորագրելով քաղաքացին չէր կարող կասկածել, որ իրավունք ուներ չստորագրելու այդ փաստաթղթերը: Ավելին` փաստաբանը չէր էլ հերքել, որ Գայանե Հարությունյանը հասկացել է գործարքի հետևանքները, սակայն քաղաքացուն չէր բացատրվել նման փաստաթղթեր չստորագրելու վերջինիս իրավունքը և որ անտրամաբանական է քաղաքացու կողմից առանց Բանկի կողմից ակտիվ գործողությունների պարտքը մարելու պարտավորությունն ինքնակամ ստանձնելը այն էլ անմիջապես ամուսնու մահից հետո: Իսկ Բանկի կողմից ակտիվ գործողությունները մեր գնահատմամբ դժվար թե հնարավոր լինի համարել «բարեխիղճ»: Թե ինչքանով է օրինական այս գործելաոճը որոշում է դատարանը, սակայն բարոյական տեսանկյունից կասկած չի կարող հարուցել, որ Բանկը լինելով առավել ֆինանսական միջոցներ տիրապետող հեղինակավոր կառույց կարող էր քաղաքացուց նման կերպ այդ գումարը չվերցնել և այն դեպքում, երբ վերջինս ընդուներ ժառանգությունը նշված գումարը ստանալ օրենքով նախատեսված կարգով` ժառանգությունը բացած նոտարին դիմելու միջոցով: Եթե քաղաքացին տեղյակ չլինի իր իրավունքների վերաբերյալ կամ գործարք ստորագրելուց առաջ նախապես չքննարկի իրավաբանի հետ դրա հնարավոր իրավական հետևանքները, ապա ապահովագրված չի լինի այլ անձանց անբարեխիղճ գործելաոճի զոհը դառնալու հնարավորությունից: