Գաղտնալսում և հաղորդակցությունների վերահսկում․ Արդյոք դատարանի որոշումը բավարար է անձնական կյանքի միջամտությունը հիմնավորելու համար

Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը անձնական կյանքին միջամտության ամենաինտենսիվ ձևերից է։ Նման միջոցները կարող են իրավաչափ լինել, մասնավորապես՝ ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով, սակայն միայն այն հանգամանքը, որ գաղտնալսումը կատարվել է դատարանի թույլտվությամբ, դեռևս չի նշանակում, որ անձնական կյանքի իրավունքի խախտում չկա։
Այս հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մանրամասն դիտարկել է Դրագոևիչն ընդդեմ Խորվաթիայի /Dragojević v. Croatia/ գործում։
Դիմումատուն կասկածվում էր Լատինական Ամերիկայից Եվրոպա թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ։ Դատախազության միջնորդությամբ քննիչ դատավորը 2007 թվականին թույլատրել էր նրա հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և նրա նկատմամբ գաղտնի վերահսկողության այլ միջոցների կիրառումը։ Հետագայում այդ միջոցների կիրառման ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։
Առաջին հայացքից ամեն ինչ արվել էր օրենքով նախատեսված ընթացակարգով․ եղել էր դատախազի միջնորդություն, եղել էր դատարանի որոշում, իսկ գաղտնալսումն իրականացվել էր քրեական գործի շրջանակում։
Սակայն խնդիրը դատարանի որոշման ոչ բավարար չափով պատճառաբանության մեջ էր։
Գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում հիմնականում նշվել էր, որ քննությունը «այլ միջոցներով հնարավոր չէ իրականացնել» կամ դա «չափազանց դժվար կլինի»։ Դատարանը, սակայն, չէր ներկայացրել կոնկրետ փաստեր և պատճառաբանություններ, որոնք ցույց կտային՝ ինչու հենց տվյալ գործով գաղտնալսումն անհրաժեշտ էր և ինչու նույն նպատակին հնարավոր չէր հասնել անձի իրավունքներին ավելի քիչ միջամտող միջոցներով։
Տվյալ գործով ՄԻԵԴ-ը վերահաստատեց, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորվող անձի անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտություն է։
Նման միջամտության դեպքում բավարար չէ օրենքում պարզապես գաղտնալսման հնարավորություն նախատեսելը։ Պետք է լինեն նաև իրական երաշխիքներ կամայականության դեմ։
Մասնավորապես, գաղտնալսումը պետք է ենթարկվի նախնական և պատշաճ դատական վերահսկողության։ Դատարանի որոշումը պետք է հնարավորություն տա հասկանալու՝ ի՞նչ փաստերի հիման վրա է առաջացել անձի նկատմամբ հիմնավոր կասկածը, ինչո՞ւ է գաղտնալսումն անհրաժեշտ տվյալ գործով, ինչո՞ւ քննության նպատակը հնարավոր չէ հասնել այլ՝ ավելի քիչ միջամտող միջոցներով, ո՞րն է վերահսկողության շրջանակը, որքա՞ն ժամանակ է այն կիրառվելու, և արդյո՞ք կիրառվող միջոցը համաչափ է հետապնդվող նպատակին։
ՄԻԵԴ-ը հատուկ ընդգծեց, որ ազգային օրենքն ինքն էլ նախատեսում էր նախնական դատական վերահսկողություն և պահանջում էր պատճառաբանված որոշում, որը պետք է ցույց տար գաղտնի միջոցի անհրաժեշտությունն ու համաչափությունը։
ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ գաղտնի վերահսկողության ոլորտում իրավասու մարմիններին տրված հայեցողությունը չի կարող լինել անսահմանափակ։ Օրենքը և դրա կիրառումը պետք է բավարար հստակությամբ սահմանեն այդ հայեցողության շրջանակն ու ապահովեն անձի անձնական կյանքը կամայական միջամտությունից պաշտպանող արդյունավետ երաշխիքներ։
Գործի կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ Խորվաթիայի բարձրագույն դատարանների ձևավորած պրակտիկան թույլ էր տալիս գաղտնալսման թույլտվության սկզբնական պատճառաբանության բացակայությունը կամ թերի լինելը հետագայում լրացնել։
ՄԻԵԴ-ը նման մոտեցումը խնդրահարույց համարեց։ Դատարանի գնահատմամբ՝ գաղտնալսման նկատմամբ դատական վերահսկողության իմաստն այն է, որ դրա անհրաժեշտությունն ու համաչափությունը գնահատվեն մինչև միջամտության իրականացումը, ոչ թե այն բանից հետո, երբ գաղտնալսումն արդեն կատարվել է և տվյալները հավաքվել են։ Հետադարձ պատճառաբանությունը չի կարող փոխարինել պատշաճ նախնական դատական վերահսկողությանը։
ՄԻԵԴ-ը եզրակացրեց, որ տվյալ գործով գաղտնալսումը թույլատրելու և դրա իրականացումը վերահսկելու ընթացակարգը բավարար երաշխիքներ չէր ապահովել կամայական միջամտության դեմ, և արձանագրեց Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
Միաժամանակ, 8-րդ հոդվածի խախտումը ինքնաբերաբար չի նշանակում նաև արդար դատաքննության իրավունքի խախտում։ Գաղտնալսմամբ ստացված ապացույցների օգտագործումը ՄԻԵԴ-ը գնահատում է առանձին՝ ամբողջ քրեական վարույթի արդարության համատեքստում։ Dragojević գործով 6-րդ հոդվածի խախտում չարձանագրվեց։