Այլեքս փաստաբանական գրասենյակն ուրախությամբ կիսվում է ՀՀ սահմանադրական դատարանում ունեցած իր հաղթանակով։
2026 թվականի մայիսի 19-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՍԴՈ-1828 որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 3-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով դրանք չէին նախատեսում պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն։ Կարևորագույն խնդիրը Դիմումատուի անունից Սահմանադրական դատարանում բարձրացրել է փաստաբան Հասմիկ Օհնիկյանը։
Սահմանադրական դիմումը վերաբերում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությանը, որի արդյունքում անձինք զրկվում էին իրենց սահմանադրական իրավունքները սահմանափակող պաշտպանական որոշումների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից՝ բացառապես այն պատճառաբանությամբ, որ նշված հոդվածը ուղղակիորեն չէր նախատեսում այդ դատական ակտերի բողոքարկումը։
Թեև Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում պաշտպանական որոշումները ուղղակիորեն ներառված չէին վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շարքում, այնուամենայնիվ այդ ցանկը սպառիչ չէր։ Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը նախատեսում էր նաև այլ որոշումների բողոքարկման հնարավորություն՝ օրենքով սահմանված դեպքերում։
Միաժամանակ, «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում էր, որ պաշտպանական որոշումների բողոքարկման կարգը նախատեսվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Հետևաբար, վիճարկվող իրավակարգավորումը չէր կարող մեկնաբանվել մեկուսացված՝ առանց հաշվի առնելու համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող այլ օրենքներն ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։ Այն պետք է մեկնաբանվեր՝ հաշվի առնելով օրենսդրի հետապնդած նպատակը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները։
Սահմանադրական դիմումի ներկայացման պահին պաշտպանական որոշումների անբողոքարկելիությունը միայն օրենսդրական բացի հետևանք չէր։ ՀՀ վճռաբեկ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ արդեն ձևավորել էր իրավական դիրքորոշում, որի համաձայն պաշտպանական որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէին։
Դիմումով ներկայացրած հիմնավորումների կարևոր մաս էր նաև պաշտպանական որոշումների վերաբերյալ գործերի քննության հրատապության պայմաններում դատավարական իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնի է, այս գործերը համաձայն գործող իրավակարգավորումների, քննվում են առանց դատական նիստ հրավիրելու, իսկ պատասխանողին տրամադրվում է հայցադիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետ՝ գրավոր պատասխան ներկայացնելու համար։
Նման ընթացակարգում պատշաճ ծանուցումը և փաստարկներ ու ապացույցներ ներկայացնելու իրական հնարավորությունն առանձնահատուկ կարևորություն են ստանում։ Եթե անձը պատշաճ չի ծանուցվել գործի քննության մասին, ապա կարող է փաստացի զրկվել իր պաշտպանության միակ հիմնական դատավարական հնարավորությունից։ Իսկ եթե այդ պայմաններում կայացված դատական ակտը նաև բողոքարկման ենթակա չէ, առաջին ատյանի դատարանի հնարավոր դատական սխալները վերացնելու հնարավորությունն ուղղակիորեն բացակայում է։
Պաշտպանական որոշումներն ունեն սահմանադրական իրավունքներ սահմանափակող հետևանք։ Հատկապես ընտանեկան հարաբերություններում ժամանակի կորուստը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ վերականգնել նույնիսկ հետագայում իրավունքի խախտումը ճանաչվելու դեպքում։ Օրինակ՝ ծնողի և երեխայի շփման երկարատև սահմանափակման հետևանքով խաթարված հարաբերությունները միշտ չէ, որ հաջողվում է վերականգնել։ Այս իմաստով կարևոր է, որ իրավական պաշտպանության միջոցը լինի գործնականում արդյունավետ և ժամանակին հասանելի։
Այսպիսով, Սահմանադրական դատարանն իր 2026 թվականի մայիսի 19-ի ՍԴՈ-1828 որոշմամբ արձանագրեց, որ պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 75-րդ հոդվածի պահանջներին։
Այս որոշումը կարևոր է ոչ միայն այն անձանց համար, որոնց նկատմամբ կիրառվում են պաշտպանական միջոցներ։ Այն նշանակալի է նաև պաշտպանական որոշման ընդունմամբ պաշտպանության միջոցներ հայցող անձանց համար, քանի որ դատական ակտի բողոքարկման իրավունքը պետք է ապահովի ինչպես կիրառված սահմանափակումների իրավաչափությունը ստուգելու, այնպես էլ պաշտպանության պահանջը մերժելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ դատական ակտը վերանայելու հնարավորություն։
20.05.2026
