Բախվե՞լ եք կոռուպցիոն դրսևորումների։ Ազդարարե՛ք

Ինչու է կարևոր կոռուպցիայի մասին ազդարարելը։

Կոռուպցիան խոչընդոտում է իրավական պետության կայացմանը։ Այն գործում է շղթայական սկզբունքով՝ իր մեջ ներգրավելով նաև սովորական քաղաքացիներին, որոնք անձնական օգուտ ստանալու կամ իրենց խնդիրներն ավելի հեշտ լուծելու ակնկալիքով դառնում են կոռուպցիոն հարաբերությունների մասնակից։

Սակայն հիշե՛ք. եթե այսօր կոռուպցիայի միջոցով լուծում եք Ձեր խնդիրը, վաղը կարող եք ինքներդ տուժել նույն համակարգից։ Մի դեպքում օգտվում եք անօրինական արտոնությունից, իսկ մեկ այլ դեպքում զրկվում Ձեր օրինական իրավունքից, որովհետև մեկ ուրիշն ավելի ազդեցիկ կապեր ունի։

Իրավական պետության կարևորագույն առավելություններից մեկը կանխատեսելիությունն է։ Դուք գիտեք, թե ինչ իրավունքներ ունեք, ինչ օրենսդրական կարգավորումներ են գործում և ինչ արդյունք կարող եք ակնկալել։ Ձեր իրավունքների իրացումը կախված չէ որևէ մեկի անձնական կապերից կամ  որոշում կայացնողի հայեցողությունից։

Կարող եք կոռուպցիայի մասին հաղորդում ներկայացնել անանուն՝ առանց բացահայտելու Ձեր ինքնությունը։ Հայաստանում գործում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է անանուն հաղորդում ներկայացնել կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտումների և օրենքով նախատեսված այլ դեպքերի վերաբերյալ։

Ի՞նչ երաշխիքներ է նախատեսում օրենքը ազդարարողի համար։

  • Ինքնության չբացահայտում։ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը։ Ավելին, իրավասու մարմնին արգելվում է միջոցներ ձեռնարկել անանուն ազդարարի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։
  • Պաշտպանություն հետապնդումներից։ Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք։
  • Կարևոր իրավական երաշխիք. Ազդարարի նկատմամբ ձեռնարկված գործողության կամ անգործության իրավաչափությունն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը։
  • Իրավաբանական աջակցություն։ Ազդարարն իրավունք ունի Մարդու իրավունքների պաշտպանից ստանալու գաղտնի խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն։

Ինչպե՞ս ներկայացնել անանուն հաղորդում։

Այցելեք www.azdararir.am պաշտոնական հարթակ, ծանոթացեք անանունության պահպանման տեխնիկական ցուցումներին և ընտրեք հաղորդման համապատասխան եղանակը։

Անանունությունը պահպանելու համար հարթակը նախատեսում է նաև սարքի IP հասցեի ծածկագրում։

Հիշե՛ք. Ազդարարման իրավական պաշտպանությունը նախատեսված է բարեխղճորեն գործող անձանց համար։ Տեղեկությունը պետք է հիմնված լինի ողջամիտ կասկածի վրա, իսկ դիտավորյալ կեղծ տեղեկություններ տարածելը չի օգտվում նույն պաշտպանությունից։

01.11.2026