ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացված վճռով անդրադարձել է երեխայի հետ տեսակցության վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման արդյունավետությանը։
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ավետյանն ընդդեմ Հայաստանի (Avetyan v. Armenia, գանգատ թիվ 11997/25) գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ հաստատելով, որ Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել բավարար միջոցներ հոր ծնողական իրավունքների իրականացումը և նրա ու դստեր վերամիավորումն ապահովելու համար։
Վճիռն առանձնահատուկ նշանակություն ունի երեխայի հետ տեսակցության և ծնողական իրավունքների վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման գործերի համար։ Եվրոպական դատարանը վերահաստատել է, որ դատական ակտի կատարմանն ուղղված ձևական գործողությունները բավարար չեն. իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել իրական, արդյունավետ և ժամանակին միջոցներ, անհրաժեշտության դեպքում՝ կիրառելով դատական ակտի կատարմանը խոչընդոտող անձանց նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ։
Գործի փաստական հանգամանքները․
Հայաստանի Հանրաետությունը ձախողել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ հոր և դստեր տեսակցության ժամանակավոր կարգ՝ սահմանող, ապա՝ մինչև գործի ըստ էության լուծումը երեխային հորը հանձնելու մասին ժամանակավոր միջոցների կատարումը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կատարել էր այցելություններ, և կազմել երեխային չհայտմաբերելու շուրջ արձանագրություններ։ Ըստ այդմ՝ երեխայի գտնվելու վայրը պարզելու նպատակով Ծառայությունը դիմել էր ոստիկանություն։
Երեխան հայտնաբերվել էր 2025 թվականի մայիս ամսին՝ մորական կողմի ծնողների բնակարանում։
Եվրոպական դատարանի արձանագրած հիմնական թերացումները․
1. Որոնողական միջոցառումների ձևական բնույթը (§ 23)
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թեև ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր հետախուզում, Կառավարությունը չէր ներկայացրել ապացույցներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ իրականացված կոնկրետ գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ներկայացված չէին ապացույցներ երեխայի պապիկի հետ համապատասխան հարցումների, հարազատներից, հարևաններից կամ այլ հաստատություններից տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տատիկի գտնվելու վայրը հեռախոսի տեղորոշման տվյալների միջոցով պարզելու հնարավոր փորձերի մասին։ Դատարանը հատկապես մտահոգիչ է համարել այն, որ երեխայի գտնվելու վայրն անհայտ լինելու նման լուրջ իրավիճակում Կառավարությունը չի կարողացել ներկայացնել պաշտոնապես որոնում հայտարարելուց բացի իրականացված որևէ կոնկրետ միջոցառման ապացույց։
Թեև որոնման հայտարարումից մոտ երկու ամիս անց երեխան հայտնաբերվել էր, Կառավարությունը չէր ապացուցել, որ դա տեղի էր ունեցել պետական մարմինների ձեռնարկած կոնկրետ միջոցառումների արդյունքում, այլ ոչ թե երեխայի մոր՝ Հայաստան վերադառնալու հետևանքով։
Այսպիսով, երեխայի հայտնաբերման փաստն ինքնին բավարար չէր պետական մարմինների գործողությունների արդյունավետությունը հաստատելու համար։
2. Երեխայի հայտնաբերման մասին հորը ժամանակին չտեղեկացնելը (§ 27)
Եվրոպական դատարանը խնդրահարույց է համարել նաև այն հանգամանքը, որ երեխայի հայտնաբերման մասին հայրը ժամանակին չէր տեղեկացվել։ Թեև երեխան հայտնաբերվել էր 2025 թվականի մայիս ամսին, հարկադիր կատարողը որոնումը դադարեցնելու մասին որոշում էր կայացրել միայն հոկտեմբերին, իսկ հաջորդ օրը պատրաստվել էր հորն ուղղված համապատասխան գրությունը։
Դատարանն ընդգծել է, որ շուրջ չորսուկես ամիս տևած ուշացումը կարող էր հոր մոտ առաջացնել անորոշության և անհանգստության զգացում, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ դստեր հետ նրա հարաբերությունների վրա։
Վերահաստատվել է այն սկզբունքը, որ ծնողի և երեխայի հարաբերություններին վերաբերող գործերում ժամանակի անցումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
3. Դատական ակտի կատարմանը խոչընդոտող անձանց պատասխանատվության չենթարկելը (§ 24)
Դատարանն անդրադարձել է նաև երեխայի տատի և պապի վարքագծին, որոնք բազմիցս չեն ապահովել երեխայի ներկայությունը դատական ակտով նախատեսված հանդիպումների ժամանակ և չեն հայտնել նրա գտնվելու վայրը։ Չնայած դրան՝ նրանց պատասխանատվության չէին ենթարկել։
Հղում կատարելով իր նախադեպային իրավունքին, մասնավորապես՝ Maire v. Portugal, Sévère v. Austria և Tzioumaka v. Greece գործերին, Եվրոպական դատարանը վերահաստատել է, որ երեխայի հետ բնակվող անձանց համագործակցության բացակայության դեպքում համապատասխան պատժամիջոցների կիրառումն իրավասու մարմինների պարտականությունն է, և անհրաժեշտության դեպքում դրանք պետք է կիրառվեն նույնիսկ սեփական նախաձեռնությամբ։
Վճռում կարևոր իրավական դիրքորոշումներ են արտահայտվել նաև գանգատի ընդունելիության վերաբերյալ։
Կառավարությունը պնդել էր, որ Դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ չի բողոքարկել քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ որոշումները։ Եվրոպական դատարանը մերժել է այդ փաստարկը (§ 17)՝ ընդգծելով, որ նման բողոքներ չներկայացնելը չի ազատում պետական մարմիններին դատական ակտի կատարումն ապահովելու, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ ինքնուրույն կիրառելու պարտականությունից։
Կառավարությունը նաև պնդել էր, որ գանգատը վաղաժամ է, քանի որ քաղաքացիական գործի քննությունը դեռ շարունակվում էր։
Դատարանը մերժել է նաև այս առարկությունը (§ 18)՝ արձանագրելով, որ արդեն իսկ ընդունված և պարտադիր կատարման ենթակա ժամանակավոր միջոցների չկատարման վերաբերյալ գանգատը չի կարող վաղաժամ համարվել միայն այն պատճառով, որ հիմնական քաղաքացիական վարույթը դեռ ավարտված չէ։
Այսպիսով, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ երեխային արագ հայտնաբերելուն ուղղված կոնկրետ միջոցառումների վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը, ինչպես նաև երեխայի հայտնաբերման մասին հորը ժամանակին չտեղեկացնելը ցույց են տալիս, որ պետական մարմինները չեն ձեռնարկել ողջամտորեն ակնկալվող բոլոր միջոցները՝ հոր և դստեր վերամիավորումը հնարավոր դարձնելու և նրանց հարաբերությունները պահպանելու համար։ Արդյունքում արձանագրվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
3. Վճռի նշանակությունը Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի համար
Ավետյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը վերահաստատում է կարևոր սկզբունք. դատական ակտի կատարումն ապահովելու պետության պարտավորությունը չի սահմանափակվում կատարողական վարույթ հարուցելով, այցելություններ կատարելով, արձանագրություններ կազմելով կամ որոնում հայտարարելով։
Պետական մարմինների գործողությունները պետք է գնահատվեն դրանց իրական բովանդակության, ժամանակին իրականացվելու և ծնող–երեխա հարաբերությունները պահպանելուն նպաստելու տեսանկյունից։
Վճիռը հատկապես կարևոր է այն գործերում, որոնցով դատական ակտերի կատարումը ձախողվում է երեխայի հետ բնակվող անձանց չհամագործակցելու պատճառով։ Նման իրավիճակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պարտավոր են դատական ակտի կատարմանը խոչընդոտող անձանց նկատմամբ կիրառել համապատասխան պատժամիջոցներ՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական նախաձեռնությամբ։
Վճիռը նաև հիշեցում է, որ երեխաների հետ կապված կատարողական վարույթներում ժամանակի գործոնը վճռորոշ նշանակություն ունի. երկարատև ձգձգումը կարող է վտանգել ծնողի և երեխայի հարաբերությունների պահպանման հնարավորությունը։
Աղբյուր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Avetyan v. Armenia, գանգատ թիվ 11997/25, 1 հոկտեմբերի 2026 թ., §§ 17–29, 33։


