Առաջարկվում է օրենսդրությամբ սահմանել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակությունն անհրաժեշտության դեպքում սահմանափակելու հնարավորություն:
Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձինք կամ ունեն լիարժեք գործունակություն, կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ զրկվում են գործունակությունից:
Մինչդեռ ՄԻԵԴ-ի մոտեցումը հարցի հետ կապված հետևյալն է. անդամ պետություններն ունեն անձի գործունակությունը սահմանափակելու և նույնիսկ անձին գործունակությունից զրկելու մասով հայեցողական լիազորությունների շրջանակ, որի կիրառումը պետք է խիստ անհրաժեշտություն լինի: Անձին գործունակությունից զրկելը խիստ միջոց է, որը պետք է կիրառել բացառիկ հանգամանքների դեպքում (X-ը և Y-ն ընդդեմ Խորվաթիայի [X and Y v. Croatia], գանգատ թիվ 5193/09, 2012 թվականի փետրվարի 3-ի վճիռ): Գործունակությունից զրկելը կարող է օրինական լինել, օրինակ, եթե անձը չի կարողանում վերահսկել իրեն, ինչն առաջացնում է սոցիալական կյանքի կամ առողջության հետ կապված խնդիրներ, կամ երբ անհրաժեշտ է պահպանել հասարակական կարգը և ապահովել այլ անձանց իրավունքները։
Գործունակության սահմանափակման իրավաչափ նպատակը ենթադրում է օրենքում դրա ամրագրում և համաչափության սկզբունքի ապահովում։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե օրենսդրությամբ հնարավորություն նախատեսվի ապահովելու անհատական և հարմարեցված մոտեցումներ ցանկացած գործի նկատմամբ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրությամբ նախատեսված ծայրահեղ՝ գործունակությունից անձին ամբողջությամբ զրկելու հնարավորության հետ մեկտեղ նախատեսել նաև միջանկյալ այլընտրանք, այն է՝ գործունակությունը սահմանափակելու հնարավորություն բոլոր այն դեպքերի համար, երբ հոգեկան խանգարումն ամբողջությամբ չի զրկում անձին իր գործողությունների նշանակությունը հասկանալու, դրանց հետևանքերը նախատեսելու կամ դրանք ղեկավարելու ունակությունից: Այս դեպքում արդեն, անձի նկատմամբ կսահմանվի ոչ թե խնամակալություն, այլ հոգաբարձություն:
Սահմանափակ գործունակ ճանաչված անձն իրավունք կունենա տնօրինել իր աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները, կնքել կենցաղային մանր գործարքներ, նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ և այլն:
Դատարանը դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա՝ կարող է սահմանել նաև իրավունքների լրացուցիչ շրջանակ։