«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով 2024 թվականի մարտի 14-ից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք անձնագիր ստանալու իրավունք ունեն ներկայացուցիչների դիմումի հիման վրա:
Այդ դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը: Օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրա՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։»։
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ ներկայացուցչի միջոցով փաստաթուղթը ստանալու համար պետք է հիշյալ փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը։
Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք նույնանման իրավունքից կարող են օգտվել նաև նույնականացման քարտ ստանալու դեպքում: