Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն գույքի ժառանգումը տեղի է ունենում ըստ կտակի, և/կամ ըստ օրենքի:
Ընդ որում, ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանով որոշված չէ ժառանգատուի ժառանգական զանգվածում ներառված ամբողջ գույքի ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
Օրենսդիրը սահմանել է ժառանգությունն ընդունելու երկու եղանակ: Առաջինը ժառանգատուի մահվան օրվանից վեց ամիսների ընթացքում ժառանգությունն ընդունելու համար նոտարին դիմում ներկայացնելն է: Երկրորդ եղանակը՝ նույն ժամկետներում ժառանգությունը փաստացի տիրապետելու եղանակով ժառանգությունն ընդունելն է:
Ըստ այդմ՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Դատական պրակտիկայում երկար ժամանակ հակասական մոտեցում էր տիրում այն հարցի հետ կապված, արդյոք կտակի միջոցով ժառանգությունն ընդունելու դեպքում ևս ժառանգության ընդունումը հնարավոր է փաստացի տիրապետման եղանակով:
12.07.2022 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ ի վերջո ՀՀ Սահմանադրական դատարանը հստակություն է մտցրել իրավակիրառ պրակտիկայում: Համաձայն Դատարանի մեկնաբանության՝ փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում՝ իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով, ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում:
Հետագայում, հիշյալ դիրքորոշումն արտացոլվել է նաև թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ, ինչը նույնանման վեճերով քննելիս ստորադաս դատարանների համար այլևս պարտադիր է: