Մի շարք օրենքներում կատարված լրացումներով սահմանվել են անհատական շարժունակության միջոցների օգտագործմամբ տեղաշարժվելու կանոններն ու դրանք չպահպանելու համար պատասխանատվության միջոցները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի նոյեմբերի 24-ից:


Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց, այն է՝ լեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) վարելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք :

Նման միջոցները թույլատրվում է վարել.
1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.
2) մայթով կամ հետիոտնային արահետով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է.
3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը, կամ դրանցով երթևեկելն անհնար է.
4) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.
ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը, կամ դրանցով երթևեկելն անհնար է,
բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտերով), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 25 կմ/ժ-ը։
Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։
Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
Անհատական շարժունակության միջոցների շահագործման արգելքները սահմանված են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, իսկ օրենքով սահմանված պահանջները խախտելու համար պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

Անհատական շարժունակության միջոցների շահագործման արգելքները

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը սահմանում է անհատական շարժունակության միջոցների շահագործման հետևյալ արգելքները.
1) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի), այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց (միջոցներ).
2) մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող՝ առանց ղեկային կառավարման համակարգի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթևեկելի մասի վրա և հեծանվորդների համար գոտիով.
3) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը 18 տարին չլրացած անձանց օգտագործման հանձնելը, բացառությամբ, երբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը սահմանված վայրում վարելու նկատմամբ հսկողության պարտականությունը կրում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հանձնողը.
4) ղեկ ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործել առանց ղեկը բռնելու.
5) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով.
6) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին.
7) օդերևութաբանական կամ այլ պատճառով թաց (այդ թվում՝ ձյան) ծածկույթ ունեցող մակերևույթով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների՝ երթևեկության համար թույլատրված վայրերում շահագործումը.
8) ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի օգտագործումն առանց հեծանվորդների համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով.
9) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի, ինչպես նաև անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով քարշակումը.
10) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել համայնքի ավագանու արգելած վայրերում.
11) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել թունելներում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկելու պահանջները խախտելու համար պատասխանատվություն:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital