Հայաստանի Հանրապետության տարածքից պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին:
Ոչ դրամական պահանջով այսուհետ հնարավոր է սահամափակել Հայաստանի տարածքից քաղաքացու ելքի իրավունքը կամ ինչպես ասում են ՍԵԿՏ-ը (Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ- ՍԵԿՏ) կարող է փակվել։
Պետք է նկատի ունենալ, որ խոսքը չի վերաբերում դրամական պահանջներով ելքի իրավունքի սահմանափակմանը /բարեբախտաբար այն Հայաստանում դեռ չկա, իսկ Ռուսաստանում գործում է վաղուց/։
Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելք նախատեսող դատական ակտի հիման վրա հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքը:
Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին, եթե ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու` դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա, դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, բայց վերաքննիչ դատարանի դատական ակտով որոշման կատարումը կասեցվել չի կարող:
Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
Հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման և դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով մուտքագրում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ: