ԱԱՀ վճարող տնտեսվարողները կարող են ստանալ օրինապահության հավաստագիր։
30 մայիսի 2024 թվականի N 797-Ն կառավարության որոշմամբ սահմանվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը։

Անձի օրինապահության հավաստագրի (այսուհետ` օրինապահության հավաստագիր) տրամադրումը սույն կարգով նախատեսված հաշվետու ժամանակահատվածում անձանց օրինապահության վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնական հավաստումն է:
300 մլն ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացում և մեկ տարվա ընթացքում լավ հարկային/մաքսային վճարումների պատմություն ունենալը հիմնական չափանիշներն են։
Օրինապահության հավաստագիրը տրամադրվում է անձի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` հաշվետու ժամանակահատված) հետևյալ չափանիշների միաժամանակյա բավարարման դեպքում`
1) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և հաշվետու ժամանակահատվածի բոլոր օրերին անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող.
2) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձի մոտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.
3) հաշվետու ժամանակահատվածում անձի կողմից հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով մաքսատուրքերի, հարկերի, տուրքերի և (կամ) այլ պարտադիր վճարների` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարում.
4) հաշվետու ժամանակահատվածի սկզբից մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումի ներկայացման օրը հարկային և մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի նկատմամբ արձանագրված իրավախախտումների բացակայություն` բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի.5) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների բացակայություն.
6) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ օրենքով սահմանված` սկսված և չավարտված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների բացակայություն.
7) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների և (կամ) մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթի բացակայություն.
8) հաշվետու ժամանակահատվածի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից առնվազն 300 մլն ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացում:
Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափանիշների բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի` փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները:
Օրինապահության հավաստագիրը գործում է տրամադրման օրվանից մինչև հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:
Օրինապահության հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
Օրինապահության հավաստագրի գործողությունը դադարում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը` օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո անձի կողմից հավաստագրի տրամադրման համար սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներից որևէ մեկի չպահպանման հանգամանքի` մաքսային մարմնի կողմից բացահայտման օրվանից:
Օրինապահության հավաստագրի գործողության դադարեցման դեպքում մաքսային մարմնի կողմից կայացվում է հավաստագրի դադարեցման վերաբերյալ որոշում, ինչի մասին որոշման ընդունումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը ծանուցում է անձին:
Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջը համարվում է բավարարված, եթե պահպանված են ստորև նշված բոլոր պայմանները`1) "Մաքսային կարգավորման" մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նշված մաքսային կանոնների խախտման արդյունքում մաքսային մարմնի կողմից առաջադրված տուգանքի գումարը չի գերազանցում 350 հազար դրամը.
2) հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրական ձևերի` մաքսային մարմնին ներկայացման կարգը խախտվել է ոչ ավելի, քան մեկ անգամ.
3) հաշվետու ժամանակահատվածի սկզբից մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրը հարկային և մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում հաշվետու ժամանակահատվածի համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8%-ը` բացառությամբ "Մաքսային կարգավորման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 304-րդ, 310-րդ, 311-րդ, 318-րդ և 321-րդ հոդվածներով և 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների:
10. Օրինապահության հավաստագիր ստանալու համար անձն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
11. Մաքսային մարմինը սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը սույն որոշման պահանջներին և բավարարելու դեպքում անձին տրամադրվում է օրինապահության հավաստագիր` սույն կարգի N 2 ձևին համապատասխան, իսկ չբավարարելու դեպքում հավաստագրի տրամադրումը մերժվում է` տեղեկացնելով մերժման հիմքերի վերաբերյալ:
12. Օրինապահության հավաստագիրն անձի ցանկությամբ տրամադրվում է նաև ռուսերենով կամ անգլերենով` սույն կարգի N 2 ձևին համապատասխան:
13. Օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում օրինապահության հավաստագիր ստացած անձանց ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital