Հետամտելն այսուհետ քրեական օրենսգրքով արգելված արարք է:

2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարվել է լրացում այն ավելացվել է 196.1 հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է սահմանել հետամտելու համար։


ՀՈԴՎԱԾ 196.1. ՀԵՏԱՄՏԵԼԸ

1. Հետամտելը` անձին հետևելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար և անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել`
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` երկու հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
2) հղի կնոջ նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ կամ
4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital