Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի բաղադրիչներից է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին պետական աջակցությունը (այսուհետ՝ աջակցություն):
Օրենսդրությամբ սահմանված չափով միանվագ աջակցություն ստանալու իրավունքից կարող է օգտվել երեխայի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող և հիփոթեքի պայմանագրով վարկառու հանդիսացող ծնողը, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող (կառուցված) բնակելի անշարժ գույքը (այսուհետ՝ Շահառու):
Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Հատկանշական է, որ օտարերկրյա պետությունում ծնված երեխայի հետ ծնողի նույնականացումն իրականացվում է ոչ թե երեխայի ծննդյան վկայականի միջոցով, այլ երեխային տրված ՀՀ քաղաքացու անձնագրի միջոցով: Այլ կերպ՝ օտար երկրում ծնված երեխան պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր, նույնն է ինչ՝ ՀՀ քաղաքացիություն:
Հիփոթեքի մարման աջակցություն տրամադրվում է, եթե՝
1) շահառուն ծրագրում ընդգրկվելու համար դիմում է մինչև երեխայի 1 տարին լրանալը,
2) ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցված (ավարտական ակտի առկայության դեպքում) անշարժ գույքի գնահատված շուկայական գինը, կամ կառուցվող անշարժ գույքի (կառուցապատման վարկի դեպքում) նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով։ Ընդ որում, եթե դիմելու պահին առկա են մեկից ավելի գնահատված շուկայական արժեքներ, ապա դիտարկվում է դրանցից առավելագույնը, իսկ եթե անշարժ գույքը ձեռք բերելուց հետո շահառուն փոխել է հիփոթեքային վարկը տրամադրած կազմակերպությունը, ապա գնահատված շուկայական գինը որոշվում է վարկի տեղափոխության շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով,
3) դիմելու օրվա դրությամբ շահառուն պետք է ունենա առնվազն մեկ տարի առաջ ստանձնած հիփոթեքային վարկի պարտավորություն և վերջին մեկ տարվա (12 ամիսների) ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը.
4) հիփոթեքային պարտավորությամբ ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը պետք է լինի շահառուի (գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնու) անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը կամ գնման իրավունքը:
Նշված պահանջներից մեկին անգամ չհամապատասխանելու դեպքում իրավասու մարմինը մերժում է աջակցության տրամադրումը:
Այն դեպքում, երբ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ իրավասու մարմինը մերժում է աջակցության տրամադրումը, դիմումատուն իրավասու է այն վիճարկել վարչական դատարանում:
Պետք է նկատի ունենալ, որ այն դեպքում, երբ շահառուին տրամադրվել է միանվագ աջակցությունը, իսկ վերջինս հիփոթեքային վարկի գործողության ընթացքում օտարել է բնակարանը, ապա նա պարտավոր է պետական աջակցության գումարը վերադարձնել պետությանը: