Պարտադիր հաշտարարությունը օրենքով սահմանված որոշակի վեճերով դատարան դիմելու իրավունքի իրացման նախապայման է, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, իսկ որ ամենակարևորն է՝ արտոնագրված հաշտարարի օժանդակությամբ վեճը լուծել արագ, փոխըմբռնման մթնոլորտում:

Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Հաշտարարությունն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
Այն դեպքում, երբ օրենքով սահմանված է նախքան դատարան դիմելը հաշտարարի դիմելու պարտավորությունը, վեճի մասնակիցները պարտավոր են մասնակցել հաշտարարությանը, լսել հաշտարարի կողմից ներկայացվող տեղեկատվությունը հաշտարարի դերի, հաշտարարության գործընթացի բնույթի ու էության, հաշտարարության առավելությունների, հաշտարարության վարման կարգի, հաշտության համաձայնության և անհրաժեշտության դեպքում՝ նման համաձայնություն ձեռք չբերելու հետևանքների մասին:
Մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ օրենքով նախատեսված լինելու դեպքում անձը կարող է դատարան դիմել միայն հաշտարարությունն ավարտվելու պահից: Նախքան դատարան դիմելը պարտադիր հաշտարարության դեպքում վեճի կողմերն իրենք են ընտրում հաշտարարին, իսկ համաձայնության չգալու դեպքում հաշտարարին նշանակում է արդարադատության նախարարությունը՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա: Հաշտարարների ցանկում որպես տվյալ գործով հաշտարար նշանակվելու իրավունք ունեցող համապատասխան հաշտարարի թեկնածուի բացակայության դեպքում անձը կարող է դիմել դատարան` անկախ նախքան դատարան դիմելը պարտադիր հաշտարարությունն իրականացված լինելու փաստից, որի դեպքում հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ թույլատրելի ապացույց է համարվում արդարադատության նախարարության տված տեղեկանքը, որը պարունակում է պարտադիր նշում հաշտարարի նշանակման անհնարինության պատճառների վերաբերյալ։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital