Հաշտարարությունը՝ դատարան դիմելու նախապայման

2023 թվականի դեկտեմբերի 17-ից որոշակի ընտանեկան վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը համարվելու է պարտադիր:


Հաշտարարությունը դատարան դիմելու նախապայման է հանդիսանում ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը որոշելու ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ինչպես նաև ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով։
Հաշտարարին դիմելու պահանջը չի գործում այն դեպքում, եթե․
կողմերից որևէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.
կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ նկատմամբ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար.
կողմերից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:»:
Վերը նշված իրավակարգավորումը նպատակ է հետապնդում զգալիորեն թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով այն հավանականությունը, որ հաշտարարության իրականացմամբ որոշ վեճեր կարող են ավարտվել կողմերի հաշտությամբ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital