ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծով փորձ է արվում գործողության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց:
Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդպիսի չափանիշներ առ այսօր փաստացի սահմանված չի եղել, և ըստ էության նախագիծը ոչ այլ ինչ է, քան դրա փաստացի գործածությունն ապահովվող իրավական ակտ, որը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
Սակայն հարց է ծագում, արդյոք այդ չափանիշների բավարարումը երաշխավորելու է ՀՀ քաղաքացիության ստացում- պատասխանը հստակ է, ոչ, այն միայն տեսական հնարավորություն է ստեղծելու ստանալու ՀՀ քաղաքացիություն:
Ընդունման հիմնավորումն այն է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը:
Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով,
2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,
4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
5) որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
6) 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
7) 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում,
8) 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում,
9) 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
10) Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը,
11) փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: