ՀՀ վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 02-ին / թիվ ՎԴ/0260/05/15/ դատական գարծով անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք հարկային մարմինը կարող է կիրառել հարկ վճարողի հարկվող օբյեկտը և հարկային պարտավորություններն ինքնուրույն հաշվարկելու իր լիազորությունը, հիմնվելով միայն օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների վրա, այն դեպքում, երբ այդ տեղեկությունները պարունակում են հակասական տվյալներ:

ՀՀ վճռաբեկ արձանագրել է, որ հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները, այդ թվում նաև` շահութահարկի գծով, ինքնուրույն հաշվարկելու լիազորության կիրառմամբ հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտը (մասնավորապես` ստուգման ակտը) պետք է պարունակի հիմնավորումներ, ի թիվս այլնի, (1) հարկային մարմնի քննարկվող լիազորության կիրառման համար հիմք հանդիսացող օրենքով նախատեսված իրավիճակներից որևէ մեկի առկայության, (2) հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված որոշակի պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, (3) առաջացած իրավիճակի և հարկ վճարողի կողմից թույլ տրված կոնկրետ արարքի միջև պատճառահետևանքային կապի առկայության, ինչպես նաև (4) հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկելու համար օրենքով նախատեսված չափանիշները հիմք ընդունելու և (5) այդ հաշվարկը ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված կարգով կատարված լինելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ հարցերը կազմում են այն էական փաստական և իրավաբանական հանգամանքների ամբողջությունը, որոնք հիմք են հանդիսանում իրավահարաբերության ծագման պահին գործող "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար (տե՛ս "ԻՆԺԳԱՐԱՆՏ" ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/3899/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վարչական դատավարությունում ապացուցման ընդհանուր կանոնները, գտել է, որ հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն ինքնուրույն հաշվարկելու լիազորության կիրառմամբ հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի (մասնավորապես` ստուգման ակտի) վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերով պատասխանող վարչական մարմինը պետք է ապացուցի, ի թիվս այլնի, (1) հարկային մարմնի քննարկվող լիազորության կիրառման համար հիմք հանդիսացող օրենքով նախատեսված իրավիճակներից որևէ մեկի առկայության, (2) հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված որոշակի պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, (3) առաջացած իրավիճակի և հարկ վճարողի կողմից թույլ տրված կոնկրետ արարքի միջև պատճառահետևանքային կապի առկայության, ինչպես նաև (4) հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկելու համար օրենքով նախատեսված չափանիշները հիմք ընդունելու և (5) այդ հաշվարկը ՀՀ կառավարության` իրավահարաբերության ծագման պահին գործող 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված կարգով կատարված լինելու փաստական հանգամանքների առկայությունը (տե՛ս "Արայ" ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/11476/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն ինքնուրույն հաշվարկելու լիազորության կիրառմամբ հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի (մասնավորապես` ստուգման ակտի) վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերով պատասխանող վարչական մարմինը պետք է ապացուցի վարչական ակտի հիմքում դրված այն էական փաստական և իրավաբանական հանգամանքների առկայությունը, որոնք հիմք են հանդիսացել իրավահարաբերության ծագման պահին գործող "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար: Վերոնշյալ հանգամանքների առկայության դեպքում միայն դատարանը հնարավորություն կունենա քննության առարկա դարձնելու վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի և այն եզրափակող վարչական ակտի իրավաչափության հարցը: Ընդ որում, եթե օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները պարունակում են հակասական տվյալներ, ապա դա բավարար հիմք է իրավահարաբերության ծագման պահին գործող "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ վճռաբեկ դատարանի` սույն գործով վկայակոչված իրավական դիրքորոշումներով սահմանված պայմանների առկայության դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկվող օբյեկտը և հարկային պարտավորությունները ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված կարգով ինքնուրույն հաշվարկելու իր լիազորությունը կիրառելու համար:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital