ՀՀ վճաաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 02-ին / թիվ ԵԴ/30236/02/18/ դատական գարծով անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք անձի կողմից պետք է ներկայացվի պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե հայցը կամ դիմումը ներկայացվել է այն անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով ներկայացնում է մեկ այլ անձի (անձանց)` օրենքով պաշտպանվող իրավունքներն ու օրինական շահերը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, "Ֆասթ Սփլայ" ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ "Արդշինբանկ" ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքները և օրինական շահերը դատարանում համապատասխանաբար ներկայացնում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անչափահասի, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձի անունից դատարանում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը (որդեգրողը), հոգաբարձուն կամ խնամակալը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
"Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
"Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
"Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի "ա" կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
"Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում (...):
Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի "է" կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով:
Համանման դրույթ է նախատեսում նաև "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` (...) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող հայցադիմումների (դիմումների) գծով (...):
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: (...) Ընդ որում, համապատասխան արտոնություններն ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ իրավունքների դատական պաշտպանությունը պահանջում է նաև որոշակի ծախսերի կատարում, որոնց մի մասն օրենսդիրը ներառել է դատական ծախսերի կազմում: Հետևաբար, դատական ծախսերը քաղաքացիական գործի ընթացքում անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված և գանձման ենթակա գումարներն են, որոնք անհրաժեշտ են ներկայացված հայցադիմումների ու դիմումների հիման վրա քաղաքացիական գործը հարուցելու և այն հետագայում քննելու համար: Ըստ այդմ էլ օրենսդիրը սահմանել է, որ պահանջների քննության համար պետք է ներկայացվեն սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցներ (կամ պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն), ինչն իր հերթին ի թիվս հայցադիմումի (դիմումի, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների) ձևին և բովանդակության վերաբերող օրենքով նախատեսված այլ պահանջների պահպանման, հիմք է գործի հետագա քննությունն սկսելու և դատավարական այլ գործընթացներն իրականացնելու համար:
Միաժամանակ, տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ օրենսդիրը, ելնելով դատական պաշտպանության իրավունքի մատչելիության սկզբունքից, առանձին հոդվածներով սահմանել է պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները: Այլ կերպ` "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքը ոչ միայն սահմանում է պետական տուրքի գանձման օբյեկտները, դատարաններում պետական տուրքի վճարման դրույքաչափերը, այլ նաև հստակեցնում է դատարաններում պետական տուրքի գծով կիրառվող արտոնությունները, որոնք ուղղված են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը (տե՛ս, Հասմիկ Զատիկյանի ընդդեմ Պետրոս Սարգսյանի, Մարիաննա Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.08.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: (...) (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում անձն ազատված է պետական տուրքի վճարումից օրենքի ուժով, հետևաբար պետական տուրքի գծով արտոնության կիրառումը չի կարող թողնվել դատարանի հայեցողությանը: Ըստ այդմ էլ, բոլոր այն դեպքերում, երբ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկով անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, անձի կողմից չպետք է ներկայացվի պետական տուրքի գծով արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատում կիրառելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ դրա ներկայացումը վերը նշված պատճառաբանությամբ արդեն իսկ առարկայազուրկ է:
Անդրադառնալով "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գծով արտոնության այն հիմքին, երբ հայցը կամ դիմումը ներկայացվել է այնպիսի անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով իրավասու է իրականացնել այլ անձի (անձանց)` օրենքով պահպանվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից վերը նշված անձանց պետական տուրք վճարելու պարտականությունից ազատելն ինքնանպատակ չէ:
Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրն ըստ էության պետական տուրքի վճարումից ազատել է այն հայցվորներին, որոնք հարուցված հայցով նյութաիրավական հարաբերության կողմ չեն և օրենքով սահմանված կարգով դատավարությունում հանդես են գալիս այլ անձանց` (օր.` անչափահաս, անգործունակ ճանաչված, սահմանափակ գործունակ ճանաչված և այլն) անունից և ի շահ նրանց: Այլ կերպ ասած, դրանք այն հայցվորներն են, որոնք օրենքով սահմանված կարգով իրավասու են ներկայացնելու այլ անձանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունը, քանի որ վերջիններս` առողջական, տարիքի և այլ պատճառներով պայմանավորված չեն կարող ինքնուրույն իրացնել իրենց դատական պաշտպանության իրավունքը:
Հետևաբար, այլ անձի (անձանց)` օրենքով պահպանվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնող հայցվորներին պետական տուրքից ազատելը բխում է նաև անչափահաս, անգործունակ ճանաչված, սահմանափակ գործունակ ճանաչված անձի և օրենքով սահմանված կարգով այլ անձանց` խոցելի սոցիալական կարգավիճակից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վերը նշված հիմքով պետական տուրքի վճարումից ենթակա են ազատման նաև, ի թիվս` օրենքով սահմանված այլ անձանց, հայցվորի դատավարական կարգավիճակում հանդես եկող օրինական ներկայացուցիչները: