2022 թվականի հունվարի 18-ին ընդունվել է ''Անկանխիկ գործառնությունների մասին'' ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախսերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:
Օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

Օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված (գրավոր եւ բանավոր) եւ դրանց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա:
Անկանխիկ ձեւով գործառնություն (վճարում)է համարվում կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը
Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման եւ ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը եւ վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված` ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում: Օտարերկրյա կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը եւ վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաեւ բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձեւով: Նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների միջեւ իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը եւ վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից:

Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց միջեւ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը եւ ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով:
Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում են անկանխիկ ձեւով:

Անկանխիկ գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարների) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, եւ ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital