2021 թվականի հունիսի 3-ին ընդունված թիվ ՀՕ-246-Ն օրենքով փոփոխություններ է կատարվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՕ-169 օրենքում:

Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր իրական շահառուների և նրանց՝ իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ։
Իրավաբանական անձը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել Իրական շահառուների հայտնաբերման ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը առնվազն 5 տարի:
Իրավաբանական անձի իրական շահառուները պարտավոր են իրենց իրական շահառուի կարգավիճակ ձեռք բերելու կամ իրենց առնչվող տվյալների փոփոխվելու պահից քսան օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձին և տրամադրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր։
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքով նախատեսված պատշաճ ուսումնասիրության արդյունքներով գործակալություն ներկայացնել իր իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ենթակա է ներկայացման սույն օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի գրանցման պահից 40 օրվա ընթացքում։ Իրական շահառուների վերաբերյալ տվյալների փոփոխման դեպքում դրանք ենթակա են հայտարարագրման իրավաբանական անձին հայտնի դառնալուց հետո՝ անմիջապես, բայց ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում։
Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը իրավաբանական անձը պարտավոր է գործակալություն ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։
Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը սահմանում է արդարադատության նախարարը:

Իրական շահառուների փոփոխության գրանցման համար գործակալություն է ներկայացվում՝
1) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիրը.
2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Եթե իրավաբանական անձի իրական շահառուն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
Երեք տարի անընդմեջ հայտարարագիր չներկայացնելու դեպքում գործակալությունը կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով։

Առանց պետական տուրք վճարելու տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից հասանելի են իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ և պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի հետևյալ տեղեկությունները․
1) անունը, ազգանունը կամ անվանումը և կազմակերպաիրավական ձևը․
2) պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը․
3) պետական գրանցման (հաշվառման) համարը․
4) հարկ վճարողի հաշվառման համարը․
5) ձեռնարկության կոդային դասակարգիչը (ՁԿԴ)․
6) գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն․7) իրավաբանական անձի իրական շահառուի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը.
8) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին կամ հաշվառումից հանվելու մասին:

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այլ իրավաբանական անձանց համար պարտականությունները ծագում են 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2023 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ սույն օրենքով նախատեսված հայտարարագիրը ներկայացնել օրենքով նախատեսված պարտականությունները ծագելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital