ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 5-ի թիվ N 02-Ն հրամանով փոփոխությունները և լրացումներ է կատարվել 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում:

Հավելված 6-ը լրացվել է նոր` 15-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. noentr

«15. Հանրային սննդի օբյեկտների հաճախորդները (բացառությամբ մինչև 18 տարեկան անձանց` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, հղիների` հղիության մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողների (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածների` ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում) մուտք են գործում միայն առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքի` արտածված Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 4379-Լ հրամանի պահանջների, կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով:».

Բացի հանրային սննդի օբյեկտների հաճախորդներից, սահմանափակումները կիրառվել են նաև ներքոնշյալ հաճախորդների, այցելուների և հանդիսատեսների նկատմամբ.
• Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդները
• Մարզասրահի հաճախորդները
• Գրադարանների այցելուները
• Թանգարանների այցելուները
• Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները

Հրամանն ուժի մեջ է մտել հունվարի 22-ից` թիրախավորելով առաջին հայացքից սահմանափակ` սակայն բավական լայն ոլորտ ընդգրկող անձանց իրավունքները:

Նախ, ինչո՞վ է պայմանավորված նշված սահմանափակումների կիրառումը հիմա, երբ բավական երկար ժամանակ է անցել նախկինում կիրառված սահմանափակումները վերացնելուց հետո,
Արդյո՞ք դրա նպատակը ավելի մեծ թվով մարդկանց պատվաստվելուն հարկադրելն է և եթե այո ապա ի՞նչ նպատակով,
Ո՞րն է նպատակը թիրախավորելու առանց այն էլ վարակից տուժած տնտեսության ճյուղերը, որում ներգրավված է աշխատողների բավական մեծ քանակ և ո՞վ է կրելու դրա բացասական հետևանքների համար պատասխանատվությունը /օրինակ աշխատատեղերի կրճատման համար/
Ինչու՞ է սահմանափակվել կոնկրետ ոլորտները, օրինակ հանրային սնունդը կամ գրադարանը, բայց նույն սահմանափակումը չի տարածվում հանրային, ժամանցի այլ վայրերի նկատմամբ, օրինակ ժամանցի վայրերը որտեղ լինում են մարդկանց կուտակումներ, հանրային տրասպորտ /նույն տրամաբանությամբ առանց սերտիֆիակատի քաղաքացիների մուտքը հանրային գերծանրաբեռնված տրանսպորտ ևս պետք է արգելել/

Իսկ հիմա իրավական հարցադրումներ.

Հանրային սննդի օբյեկտների հաճախորդները մուտք են գործում միայն առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի… առկայությամբ
Որտե՞ղ են մուտք գործում /դրա մասին առնվազն չի նշվել/ քանի որ նշված չէ մուտք գործելու վայրը, դրա մեկնաբանությունը թողնվում է հաճախորդին/
Եթե սերտիֆիկատ չունեն բայց միևնույն է ինչ որ տեղ մուտք են գործում, ի՞նչ հետևանք է առաջանում,
Ո՞վ պետք է արգելի մուտք գործելը և ինչպե՞ս
Արդյո՞ք հանրային սննդի օբյեկտի պատասխանատուն իրավունք ունի արգելելու մուտք գործելը և ինչ հիմքով /դրա մասին ևս որևէ բառ չկա/ կամ ի՞նչ միջոցներ պետք է կիրառի եթե հաճախորդը միևնույն է մուտք է գործում…
Արդյո՞ք հանրային սննդի օբյեկտն է պատասխանատվություն կրելու քաղաքացու մուտք գործելու համար, եթե այդ սերտիֆիկատն ունենալու պարտավորությունը նախատեսված է քաղաքացու համար…./հիշեցնենք, որ հրամանով հանրային սննդի օբյեկտի համար չի նախատեսվել մուտք գործելը սահմանափակելու պարտավորություն/

Այս թերի և չմտածված փոփոխություններն ու լրացումները հերթական անգամ կատարվել են առանց որևէ լուրջ վերլուծությունների և որևէ պարագայում հանրային սննդի օբյեկտը /պաշտոնատար անձը/ չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության այլ անձանց գործողությունների պատճառով, դրա փաստացի ապացույցն է նաև այն որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում չի կատարվել համապատասխան լրացումներ: Կարծում եմ նշված հիմքով կայացված ցանկացած վարչական ակտ հեռանկարում բեկանվելու է դատական կարգով:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital