2020 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է 277.2 հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար:

2020թ-ի մարտին կատարված լրացումը վերաբերում էր արտակարգ իրավիճակի ընթացքում կատարված իրավախախտումներին,իսկ 277.2 հոդվածը՝ կարանտինի պայմաններում կատարված իրավախախտումներին, ինչպես նաև ավելացվել է անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար պատասխանատվություն:

1. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը`
1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս,
2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:":
Ուժի մեջ է 09 սեպտեմբերի 2020թ-ից:

Բացի այդ լրացում է կատարվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, 182.4 հոդվածով հետևյալ բովանդակությամբ
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:
2. Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաեւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
5. Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
6. Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
7. Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները եւ արգելքները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
8. Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաեւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
10. Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: 11. Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital