ՀՀ Վճռաբեկ դատարանը  2020 թվականի հունիսի 05-ին թիվ  ԱՎԴ/0060/04/17 դատական գործով անդրադարձել է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գույքի իրացման արգելքին:

Համաձայն Սնանկության մասին ՀՀ Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին:Վերոգրյալ իրավադրույթներից հետևում է, որ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարման համար պարտապանին պատկանող ոչ բոլոր գույքերն են ենթակա իրացման (օտարման): Այսինքն` պարտապանին պատկանող գույքերի իրացման հարցում առկա են որոշակի բացառություններ: Այդպիսի բացառությունների թվին է դասվում, մասնավորապես, այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել: Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում չի կարող տարածվել, ի թիվս այնի, նաև ֆիզիկական անձ պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա, եթե այն բավարարում է որոշակի չափանիշների:
Այսպես` "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով բռնագանձում չի կարող տարածվել այն բնակարանի կամ դրա բաժնի վրա, որը համապատասխանում է հետևյալ հատկանիշներին.
1) բնակարանը պատկանում է ֆիզիկական անձ պարտապանին,
2) այն ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանն է, այսինքն` նրա մշտական բնակության միակ վայրն է,
3) բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:
Ընդ որում, ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի "Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին" թիվ 808-Ն որոշման 1-ին կետի համաձայն` քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 4.900.000 ՀՀ դրամ: Իսկ նույն որոշման 2-րդ կետի համաձայն` քաղաքացի-պարտապանի` բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության վարույթում բռնագանձում չի կարող տարածվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող այն բնակարանի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եթե դրա մեկնարկային գինը ցածր է 4.900.000 ՀՀ դրամից: Միևնույն ժամանակ բռնագանձում չի կարող տարածվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող միակ այն բնակարանի բաժնեմասի վրա, որի մեկնարկային գինը ցածր է 4.900.000 ՀՀ դրամի և նրա միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալի գումարից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ եթե ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանը իրացվում է 4.900.000 ՀՀ դրամը գերազանցող գումարով կամ ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանի բաժնեմասը իրացվում է 4.900.000 ՀՀ դրամի և բաժնեմասի արտադրյալը կազմող գումարը գերազանցող գումարով, ապա պարտապանի միակ բնակարանի կամ պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի իրացման համար ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին, իսկ գումարի մնացած մասն ուղղվում է պահանջների բավարարմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները, որպիսի հիմքով և ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի "Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին" թիվ 808-Ն որոշումը կիրառելի են սնանկության վարույթում` հաշվի առնելով, որ Օրենքի 96-րդ հոդվածը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Այնուհանդերձ էական նշանակություն ունի այն փաստի պարզումը, թե արդյոք Պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արժեքը պակաս է 4.900.000 ՀՀ դրամի և այդ բնակարանում Պարտապանի բաժնեմասի արտադրյալից:
Այսինքն,եթե պարտապանը բնակարանում հանդիսանում է բաժնեմասի սեփականատեր, ապա բռնագանձման գումարի չափը ենթակա է համամասնական հաշվարկման.
Այսպես` նշված դատական գործի նյութերից հետևում է, որ անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 8.276.000 ՀՀ դրամ, իսկ Պարտապանի բաժինը անշարժ գույքի ¼ մասն է, որը դրամային արտահայտությամբ կազմում է 2.069.000 ՀՀ դրամ: Իսկ ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված` միակ բնակարանի նվազագույն արժեքի` 4.900.000 ՀՀ դրամի, և ընդհանուր գույքում Պարտապանի բաժնեմասի արտադրյալը կազմում է 1.225.000 ՀՀ դրամ (4.900.000 : 4 = 1.225.000):
Վերոգրյալից պարզ է դառնում, որ ընդհանուր գույքում Պարտապանի ունեցած բաժնեմասի արժեքը` 2.069.000 ՀՀ դրամը, ավելի մեծ է ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված` միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն արժեքից (2.069.000 > 1.225.000):
Այսինքն` սույն օրինակի պարագայում բռնագանձման ենթակա չէ բաժնեմասից 1.225.000 դրամը, իսկ տարբերությունը՝ 844,000 դրամը ենթակա է բռնագանձման:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital