Արդյո՞ք ֆիզիկական անձը կարող է իրականացնել շինարարական աշխատանքներ առանց որպես ԱՁ հաշվառվելու

22 սեպտեմբերի 2020 թվականի N 76

Հարց
Եթե ֆիզիկական անձը /Ա/Ձ հաշվառված չէ/, ով իրականացնում է մինչև 300ք.մ մակերեսով առանձնատների շինարարություն` որպես շինարար ծառայություն մատուցող, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:
Արդյո՞ք վերոնշյալ գործունեությունը կարող է դիտարկվել ՀՀ Հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված որպես` այլ գործունեությունից ստացվող եկամուտներ և հարկվել շրջանառության հարկի 5 տոկոս դրույքաչափով:
Որպես հարկ վճարող արդյո՞ք նշված ֆիզիկական անձը ունի պարտավորություն գրանցվելու որևէ կազմակերպաիրավական ձևով, այդ թվում` որպես անհատ ձեռնարկատեր, թե՞ որպես ֆիզիկական անձ կարող է հանդես գալ որպես հարկ վճարող:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
- 150-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` եթե նույն հոդվածի 2-15-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա եկամտային հարկով հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է նույն մասով սահմանված դրույքաչափով,
- 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
- 254-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի)` նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում,
- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի,
- 257-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը,
- 258-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` այլ գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,
- 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` "Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Նույն հոդվածի կիրառության իմաստով` ապօրինի գործունեություն է համարվում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (բացառությամբ օրենքով արգելված գործունեության) իրականացումը:
Նույն հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետին համապատասխան` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալի համար աշխատանքների կատարումը և (կամ) հարկային գործակալին ծառայությունների մատուցումը:
Հաշվի առնելով վերոգրյալը, գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը`
1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալի համար աշխատանքների կատարումը և (կամ) հարկային գործակալին ծառայությունների մատուցումը: ՈՒստի, գրությամբ նշված դեպքում, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը առանց պետական հաշվառման շինարարական ծառայություններ կարող է մատուցել միայն հարկային գործակալին:
Տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից շինարարական ծառայությունները հարկային գործակալից տարբերվող անձանց մատուցվելու դեպքում կկիրառվեն ապօրինի գործունեությամբ զբաղվելու համար օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները,
2) հարկային գործակալին մատուցվող շինարարական ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով,
3) ֆիզիկական անձը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ իրավաբանական անձ կազմավորելու դեպքում կարող է համարվել շրջանառության հարկ վճարող օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետներում, որի պարագայում վերջինիս կողմից շինարարական ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկը կհաշվարկվի 5% դրույքաչափով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital