Իրավաչա՞փ է, արդյոք, հանրային գործիչ կամ հանրության համար հետաքրքրություն չներկայացնող անձին առանց իր գիտության և համաձայնության լուսանկարելու, լուսանկարները տարածելու կամ որևէ այլ կերպ օգտագործելու՝ երրորոդ անձանց գործելակերպը:
Հիշյալ իրավական հարցադրմանն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ Ռեկլոսն ու Դավուրլիսն ընդդեմ Հունաստանի (Reklos and Davourlis v. Greece) գործով (գանգատ N 1234/05):
Գործի փաստական հանգամանքները հետևյալն են.
Դիմումատուների նորածին երեխային բժշկական հաստատության ստերիլ բաժանմունքում (որը հասանելի էր բացառապես բուժաշխատողների համար) լուսանկարել էր պրոֆեսիոնալ լուսանկարիչը՝ նորածնի լուսանկարները դիմումատուներին վաճառելու մտադրությամբ:
Հիշյալ հանգամանքն առաջացրել էր ծնողների՝ դիմումատուների, վրդովմունքը: Վերջիններս լուսանկարչի գործողությունները համարելով ոչ իրավաչափ՝ պահանջել էին բժշկական հաստատության անմիջական միջամտությունը, իրենց երեխայի լուսանկարները, ինչպես նաև դրանց ներագտիվներն իրենց փոխանցելու հարցում:
Հանդիպելով բժշկական հաստատության անտարբեր վերաբերմունքին և լուսանկարների նեգատիվները հանձնելու պահանջի վերաբերյալ ստանալով մերժում՝ դիմումատուները բարոյական վնասի հատուցման պահանջով դիմել էին Աթենքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դիմումատուները, մասնավորապես, պնդել էին, որ միայն բուժանձնակազմի համար հասանելի վայրում լուսանկարչի մուտքը թույլատրելու, նորածին երեխային լուսանկարելու համար իրենց համաձայնությունը չպահանջելու, իսկ հետագայում արդեն՝ լուսանկարներն ու դրանց նեգատիվներն իրենց պահանջով չտրամադրելու՝ բժշկական հաստատության գործողությունների արդյունքում խախտվել է իրենց նորածին երեխայի անձնական կյանքի իրավունքը:
Դատարանը քննելով ներկայացված հայցը, եկել էր այն եզրահանգման, որ նորածնին լուսանկարելու հանգամանքը չէր կարող խախտել նրա անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, քանի որ մեկ օրական երեխայի հոգեբանական և հուզական ներաշխարհը ձևավորված լինել չէր կարող, հետևաբար երեխայի դեմքը պատկերող լուսանկարը չէր կարող խախտել նրա քննարկվող իրավունքները կամ բացասական ազդեցություն ունենալ նրա հետագա զարգացման վրա: Ըստ այդմ՝ առաջին ատյանի դատարանը դիմումատուների հայցը մերժել էր:
Դատական ակտի դեմ դիմումատուները ներկայացրել էին վերաքննիչ, ապա՝ վճռաբեկ բողոք: Թե՛ վերաքննիչ, և թե՛ վճռաբեկ բողոքները մերժվել էին:
Գտնելով, որ ազգային դատարանների կողմից խախտվել է իրենց որդու՝ անձնական կյանքը հարգելու իրավունքը, որն ամրագրված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածով, դիմումատուները հարցը քննարկման առարկա էին դարձրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում, մասնավորապես, նշվել էր, որ ազգային դատարանների կողմից տեղի է ունեցել իրենց երեխայի անձնական կյանքին անօրինական միջամտություն, ինչը դրսևորվել է ազգային դատարանների կողմից իրենց որդու խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված հայցը մերժելով:Ըստ դիմումատուների՝ ազգային դատարանների ունեցած մոտացումը կապված իրենց երեխայի իրավունքների պաշտպանության հետ, վտանգավոր է: Դիմումատուները, մասնավորապես, հայտնել էին այն մտահոգությունը, ըստ որի, եթե իրավունքի խախտման փաստի ընկալումն անհատի (տվյալ դեպքում՝ նորածին երեխայի) կողմից դիտարկվի որպես խախտված իրավունքը դատական կարգով վերականգնելու անհրաժեշտ նախապայման, ապա որոշակի կատեգորիայի անձանց պատիվն ու արժանապատվությունը կդրվի անմիջական վտանգի ներքո:
Բողոքի վերաբերյալ Հունաստանի Կառավարությունն իր փաստարկները կառուցել էր այն իրողությունից ելնելով, ըստ որի՝ քննարկվող լուսանկարները երբևէ չեն հրապարակվել, այլ դրանք կատարվել են երեխայի ծնողներին վաճառելու նպատակով: Հավելալով նաև ազգային դատարանների դիրքորոշումը՝ կապված մեկ տարեկան երեխայի մտավոր զարգացվածության և խախտումն ընկալելու ունակության հետ, Կառավարությունն առարկել էր երեխայի անձնական իրավունքները խախտված լինելու հանգամանքի դեմ:
Ելնելով գործի փաստական հանգամանքներից ՄԻԵԴ-ի խնդիրն էր պարզել՝ լուսանկարները հրապարակված չլինելու պայմաններում դիմումատուի որդու անձնական կյանքի իրավունքի պաշտպանության հարցում եղե՞լ է, արդյոք, միջամտություն:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, մասնավորապես (§ 40), որ անձի լուսանկարը նրա անհատականությանը վերաբերող հիմնական բաղադրիչներից մեկն է, քանի որ այն արտացոլում է մարդու բնութագրական հատկանիշներն ու հնարավորություն տալիս տարբերակել նրան այլ անձանցից: Այսպիսով, իր լուսանկարը պաշտպանելու անձի իրավունքը նրա անհատական զարգացման կարևորագույն բաղադրիչներից է և ենթադրում է իր լուսանկարի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անձի իրավունքը: Թեև լուսանկարի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անձի իրավունքը շատ դեպքերում ենթադրում է լուսանկարի հրապարակումը չթույլատրելու՝ անձի իրավունքը, այնուամենայնիվ այն ներառում է նաև այլ անձի կողմից իրեն լուսանկարելու, իր լուսանկարը պահելու և (կամ) վերարտադրելու դեմ առարկելու իրավունքը ևս:
Քանի որ անձի լուսանկարը հանդիսանում է նրան բնութագրող միջոցներից մեկը, ուստի դրա արդյունավետ պաշտպանությունը սկզբունքորեն ենթադրում է, որ սույն գործով նույնանման փաստական հանգամանքների առկայության դեպքում լուսանկարելու համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախապես, այն է՝ նախքան անձին լուսանկարելը (այլ ոչ լուսանկարը հրապարակելու դեպքում կամ այն հրապարակելու ժամանակ): Հակառակ դեպքում լուսանկարը կգտնվի երրորդ անձանց ձեռքում, և շահագրգիռ անձը դրա հետագա օգտագործման նկատմամբ չի ունենա որևէ վերահսկողություն:
Դատարանը, անդրադառնալով քննարկվող գործի փաստական հանգամանքներին, նշել է, որ դիմումատուների որդին չի հանդիսանում հանրության լայն շերտերի համար հետաքրքրություն ներկայացնող անձ, հետևաբար չի ներառվում անձանց այն խմբում, որոնց լուսանկարումն առանց նրանց իմացության կամ համաձայնության կարող է արդարացվել հանրային հետաքրքրություն ներկայացնելու կամ որևէ այլ հիմքով (տե՛ս Krone Verlag GmbH & Co. KG ընդդեմ Ավստրիա, թիվ 34315/96, 37,, փետրվարի 26, 2002 թ.):
Ավելին, ՄԻԵԴ-ն ընդգծել է նաև, որ լուսանկարում պատկերված անձն անչափահաս էր, և դրանով պայմանավորված՝ նրա լուսանկարի պաշտպանության իրավունքի իրացումը վերահսկվում էր նրա ծնողների կողմից: Ըստ այդմ, որդուն լուսանկարելու հարցում դիմումատուների նախնական համաձայնությունը պահանջվում էր, թեկուզ միայն լուսանկարների հետագա օգտագործման նպատակը դիմումատուների կողմից պարզելու անհրաժեշտությունից ելնելով:
Բացի այդ, Դատարանը պակաս կարևոր չի համարել նաև այն հանգամանքը, որ լուսանկարիչը շարունակել է իր մոտ պահել կատարված լուսանկարների ներագիտվները, չնայած այն հանգամանքին, որ երեխայի ծնողները ներկայացրել էին լուսանկարներն ու դրանց ներագտիվներն իրենց հանձնելու վերաբերյալ հստակ ձևակերպված պահանջ:
Դատարանը փաստել է նաև, որ քննարկվող գործով վեճի առարկա լուսանկարները միայն արտացոլում էին երեխայի դեմքը, և ոչ այն դիրքում, որը կարող էր համարվել նվաստացուցիչ կամ որը կարող էր որևէ կերպ խախտել նրա իրավունքները: Այնուամենայնիվ, սույն գործի առանցքային խնդիրը ոչ թե լուսանկարի բնույթն է (արժանապատվություն նվաստացնող, թե ոչ), այլ այն, որ լուսանկարիչը դրանք ձեռք է բերել առանց դիմումատուների համաձայնության:
Այսպիսով, երեխայի լուսանկարը գտնվել է լուսանկարչի ձեռքում` հետագայում դրանք օգատգործելու հնարավորությամբ, շահագրգիռ անձի և (կամ) նրա ծնողների կամքին հակառակ (տե՛ս mutatis mutandis P. G and JH v. United Kingdom (PG and JH v. United Kingdom, No. 44787):
ՄԻԵԴ-ն, այսպիսով փաստել է, որ երեխայի ծնողների պահանջը քննելիս ազգայինդատարանները հաշվի չեն առել այն իրողությունը, որ դիմումատուները չէին տվել իրենց որդուն լուսանկարելու համաձայնություն և ոչ էլ լուսանկարների նեգատիվները պահելու թույլտվություն: Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ հունական դատարանները սույն գործով չեն տրամադրել դիմումատուի որդու՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանության համար բավարար երաշխիքներ, ըստ այդմ փաստել, որ քննարկվող գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: