Սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի անունից գործելու հանգամանքը զրկու՞մ է, արդյոք, պարտապանին կառավարչի դեմ հայց ներկայացնելու և դրանով նրա կնքած գործարքը վիճարկելու իրավական հնարավորությունից:

Վերը նշված հարցը սնանկության գործով պարտապան «Ռամզես» ՍՊԸ-ի դիմումով քննարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում:
Դիմումի ներկայացման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ սնանկության գործով պարտապան ընկերությանը չէր հաջողվել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը, որպես հետևանք՝ գույքի օտարման գործարքը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու իր պահանջները քննության առարկա դարձնել ոչ ընդհանուր իրավասության, և ոչ էլ սնանկության դատարաններում: Ընդհանուր իրավասության դատարանը, մասնավորապես, վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումը՝ հայցադիմումը վերադարձրել էր գործը սնանկության դատարանին ենթակա լինելու պատճառաբանությամբ: Սնանկության դատարանում պահանջները նույնպես քննության առարկա չէին դարձվել: Այս դեպքում, արդեն վկայակոչելով այն հանգամանքը, ըստ որի ներկայացված հայցով որպես պատասխանող նշվել է պարտապանի անունից գործող սնանկության կառավարիչը, դատարանը եզրահանգել էր, որ պահանջները ենթակա չեն քննության նաև սնանկության դատարանում: Որպես հիմնավորում, մասնավորապես, բերվել է այն, որ գործող օրենսդրությամբ սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս Պարտապանի անունից, ուստի պահանջի քննության դեպքում կստացվի մի իրավիճակ, ուր թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը միևնույն պարտապանն են:
Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունը պնդում էր, որ Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Դատարանի տված մեկնաբանությամբ, անհամաչափորեն սահմանափակում է սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների պաշտպանության համար Պարտապանի ղեկավարի դատարան դիմելու և արդար դատաքննության իրավունքները և, հետևաբար, հակասում է Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին:
Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:
Սնանկության կառավարչի լիազորությունները սահմանվում են նույն օրենքի 29-րդ հոդվածով: Հիշյալ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:Դիմումատուի պնդմամբ ՀՀ սահմանադրությանը հակասում է իրավակիրառ պրակտիկայում նորմին տրված այն մեկնաբանությունը, ըստ որի թե ընդհանուր իրավասության դատարանում և թե սնանկության դատարանում պարտապանը չի կարող վիճարկել իր անունից հանդես եկող սնանկության գործով կառավարչի կազմակերպած աճուրդի արդյունքները, և այդպիսի պահանջի դեպքում սնանկության գործով կառավարիչը չի կարող հանդես գալ որպես պատասխանող:
Բողոքի քննությամբ անդրադառնալով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին՝ Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է, որ իրավունքի գերակայության լուսի ներքո դրանք պահանջում են, որ անձն ունենա դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրան թույլ կտան համապատասխան պահանջ ներկայացնել դատարան և պաշտպանել իր իրավունքները:
Հղում կատարելով Օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված սնանկության կառավարչի լիազորություններին, Օրենքի 25-րդ հոդվածով ամրագրված կառավարչի քաղաքացիական պատասխանատվության ծավալին, Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ կառավարչի գործողությունները կամ անգործությունը սնանկության գործը վարող դատավորին բողոքարկելու պարտապանի և պարտատիրոջ (պարտատերերի) իրավունքին, Օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով ամրագրված կառավարչի գործողությունները վիճարկելու և կառավարչի պատասխանատվությունը սահմանող կարգավորումներին, ինչպես նաև պարտապանի գույքը կառավարչի կողմից սակարկություններով վաճառելու ընթացակարգին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է իրավակարգավորումներ, որոնցով ի սկզբանե, սակարկությունների միջոցով պարտապանի գույքի իրացման ընթացքում կառավարչի կողմից կամայականություններ թույլ տալու հնարավորությունը հասցրել է նվազագույնի:
Այդուհանդերձ, Սահմանադրական Դատարանը չի բացառել, որ սնանկության կառավարիչն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում գործնականում կարող է թերանալ՝ արդյունքում նյութական վնաս պատճառելով պարտապանին ու պարտատերերին:
Որպես պարտապանի և պարտատերերի գույքային շահերին հակասող հնարավոր գործողություններ՝ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է կառավարչի կողմից պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքի կրճատմանը հանգեցնող այնպիսի գործարքների կնքումը, որոնք չեն նպաստում պարտապանի վճարունակության վերականգնմանը և պարտատերերի պարտքերի բավարար չափով վճարմանը (oրինակ՝ պարտապանի գույքի վաճառքը շուկայական արժեքից էապես ցածր գնով հատկապես այն դեպքերում, երբ գործարքի գնի ու շուկայական արժեքի տարբերությունն էական է):
Ըստ Սահմանադրական դատարանի՝ նման դեպքերում սնանկության գործընթացի մասնակիցները, այդ թվում՝ պարտապանը, օրենքի ուժով իրավասու են իրենց շահերի պաշտպանության համար դիմել դատարան, և Օրենքի վիճարկվող դրույթը նրա դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման համար արգելք չի կարող հանդիսանալ:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանը, որոշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով ամիագրված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, սակայն այնպիսի մեկնաբանմամբ, որը չի խոչընդոտի սնակության գործով պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացմանը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital