Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է կտակի ազատության սկզբունքը: Այն ենթադրում է գույքի սեփականատիրոջ իրավունքն իր կենդանության օրոք ընտրելու այն անձին /անձանց/, ում փոխանցվելու է իր գույքի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքն իր մահից հետո:

Ըստ այդմ՝ գույքի սեփականատերն իրավունք ունի իր գույքը կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին օրենսդրությամբ նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ընդ որում՝ նա պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ կազմելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:
Ելնելով որոշակի խմբի անձանց՝ սոցիալապես խոցելի լինելու կանխավարկածից և նման անձանց սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից՝ օրենսդիրը սահմանել է անկախ գույքի սեփականատիրոջ կազմած կտակի բովանդակությունից, հիշյալ անձանց՝ ժառանգելու իրավունքը՝ ըստ այդմ որոշակիորեն սահմանափակելով կտակի ազատության իրավունքը:
Նման խոցելի խմբին են պատկանում ի թիվս այլոց ժառանգատուի՝ 60 տարին լրացած ծնողները, ամուսինն ու երեխաները, ովքեր անկախ կտակի բովանդակությունից, իրավունք ունեն ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրանց կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Կարևոր է ի նկատի ունենալ, որ պարտադիր բաժնի իրավունք ունեն միայն վերը նշված այն անձինք, ում 60 տարին արդեն իսկ լրացել է ժառանգությունը բացվելու պահին, այն է՝ ժառանգատուի մահվան օրվա դրությամբ:
Եթե կտակարարը ժառանգությունից զրկել է այն անձին, որը ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր:
Պարտադիր բաժնի չափը, ինչպես արդեն նշվեց, կազմում է այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում (այսինքն՝ եթե չլիներ կտակը): Պարտադիր բաժնի չափը հաշվարկելիս հաշվի են առնվում բոլոր ըստ օրենքի ժառանգները (այդ թվում՝ ներկայացման իրավունքով գույքը ժառանգելու իրավունք ունեցող անձինք), ինչպես նաև ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի (գույքերի) արժեքը (ինչպես կտակում նշված, այնպես էլ՝ չնշված): Կտակարարի՝ կտակով արտահայտած կամքը հարգելու անհրաժեշտությունից ելնելով՝ պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգի պահանջները բավարարվում են նախ ժառանգական զանգվածի մեջ մտնող այն գույքի (գույքերի) հաշվին, որոնց առնչությամբ կտակարարը կտակ չի կազմել: Այն դեպքում, երբ կտակից ազատ ժառանգատուի գույքը չի ծածկում հաշվարկված պարտադիր բաժինը կամ եթե ժառանգատուն կտակ է կազմել ժառանգական զանգվածի մեջ մտնող ողջ գույքի նկատմամբ, պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձի պահանջը մասնակի կամ ամբողջությամբ բավարարվում է ի հաշիվ կտակում ներառված գույքի:
Նշենք նաև, որ պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից իրեն հասանելիք պարտադիր բաժնից: Պետք է ի նկատի ունենալ, սակայն, որ նման հրաժարումը պետք է լինի անվերապահորեն, այն է՝ պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձը չի կարող ժառանգությունից հրաժարվել հօգուտ այլ ժառանգի: Օրենսդրական նման արգելքի ամրագրումն ուղղակիորեն բխում է այն խնդրից, որի լուծման համար օրենսդիրը սահմանել է պարտադիր բաժնի ինստիտուտը, այն է՝ որոշակի խոցելի խմբի անդամների համար ստեղծել սոցիալական երաշխիքներ:
Պարտադիր բաժնի իրավունքից հրաժարումն անդառնալի է, ինչը նշանակում է, որ նման իրավունք ունեցող ժառանգը հետագայում չի կարող հետ վերցնել այդ մասին իր հայտարարությունը: Ըստ այդմ՝ նախքան պարտադիր բաժնից հրաժարվելու որոշում կայացնելը ժառանգը պետք է համոզվի, որ նման որոշումը լիովին բխում է իր շահերից և կամքից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital