Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է յուրաքանչյուր կնոջ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունքը: Հղիության արհեստական ընդհատումը (աբորտ)՝ բժշկական միջամտություն է, որը կատարվում է վիրահատական կամ դեղորայքային մեթոդով՝ հղիության ընդհատման նպատակով:

Մինչև 12 շաբաթական հղիության ժամկետի լրանալը՝ հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն:
12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետի ընթացքում աբորտը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սպառիչ սահմանված բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում: Այս դեպքում ևս պահանջվում է կնոջ գրավոր համաձայնությունը:
Ստորև ներկայացվում են հղիության արհեստական ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումները, որոնց առկայությունը անհրաժեշտ նախապայման է 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետի ընթացքում հղիության արհեստական ընդհատումը թույլատրելու համար:
Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումներն են`
1) մահացած պտուղը,
2) պտղի մոտ կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշումը,
3) նույնանման զարգացման արատներով երեխայի կրկնակի ծնունդը,
4) ընտանիքում սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդություններով երեխայի ծնունդը,
5) բնածին արատները, որոնք հանգեցնում են վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակման:
Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումներն են՝
1) հղիության ընթացքում ամուսնու մահը.
2) կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժն ազատազրկման վայրում կրելը.
3) հղիության ընթացքում օրենքով սահմանված կարգով ամուսնալուծությունը.
4) հղիությունը` բռնաբարության արդյունքում:
Հղիության արհեստական ընդհատումը անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողների) գրավոր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առողջապահական հաստատության ղեկավարի կողմից ստեղծված մշտապես գործող բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:
Բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տրամադրել անվճար խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
Մինչև հղիության արհեստական ընդհատումը, առողջապահական հաստատության բժիշկն իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից: Եթե ժամկետի երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 12-րդ շաբաթը լրանալու օրվա հետ, ապա վերջնական որոշում կայացնելու համար ժամանակահատվածն ավարտվում է մինչև հղիության 12-րդ շաբաթի լրանալը:
Հղիության արհեստական ընդհատումից հետո կնոջ առողջապահական հաստատությունում գտնվելու ժամկետը որոշում է հղիության արհեստական ընդհատումն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգը` ելնելով կնոջ առողջական վիճակից, սակայն առնվազն 4 ժամ բավարար վիճակի դեպքում առողջապահական հաստատությունում գտնվելու պայմանով:
Հղիության արհեստական ընդհատում կարող է իրականացվել բացառապես մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:
Հղիության արհեստական ընդհատում կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ արտահիվանդանողային պայմաններում համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող, ինչպես նաև նման կրթություն ունեցող ֆիզիկական անձի կողմից աբորտ կատարելը համարվում է ապօրինի և քրեական պատասխանատվություն առաջացնում նման բժշկական միջամտություն կատարած անձի համար:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital