2019 թվականի դեկտեմբերի 9-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումները, որոնք ապահովում են գրպանահատների պատժելիությունը օրենքի ողջ խստությամբ:

Բանն այն է, որ մինչ կատարված փոփոխությունները արարքը կարող էր գողություն որակվել և ըստ այդմ` քրեական պատասխանատվություն առաջացնել այն դեպքում, երբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը լիներ զգալի չափով: Զգալի չափն ըստ գործող իրավակարգավորումների 5000 ՀՀ դրամից մինչև 500000 ՀՀ չգերազանցող գումարն (արժեքը) է: Վիճակագրական տվյալները, մինչդեռ, փաստում էին, որ գողության դեպքերի կեսից ավելին ավտոտրանսպորտային միջոցներից եւ քաղաքացիների հագուստից, պայուսակից կամ նրանց մոտ գտնվող այլ առարկայից կատարված գողություններն էին: Գրպանահատությունը՝ որպես գողության առանձին դրսևորման տարատեսակ, ՀՀ քրեական օրենսգրքով չնախատեսելը հանգեցնում էր անպատժելիության, ինչն իր հերթին նպաստում էր գրպանահատության կտրուկ աճին: Բանն այն է, որ գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակության դեպքում գողոնի արժեքը, շատ դեպքերում չի գերազանցում 5000 ՀՀ դրամը, ըստ այդմ` նման արարք թույլ տված անձանց համար չառաջացնելով քրեական պատասխանատվություն: Արտասահմանյան երկրների օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրպանահատությունն այլ պետությունների քրեաիրավական կարգավորումներում ամրագրված է կա՛մ որպես առանձին հանցակազմ, կա՛մ որպես գողության հանցակազմի ծանրացնող հանգամանք: Այսպիսով, հետևելով այլ երկրների հաջողված փորձին, և կարևորելով երևույթի դեմ պայքարը` ՀՀ քրեական օրենսգրով նախատեսվել է անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից հափշտակություն կատարելը անկախ 5000 ՀՀ դրամը չգերազանցելու հանգամանքից դիտարկել որպես գողության որակյալ հանցակազմ, ինչը նշանակում է, որ գրպանահատության եղանակով անգամ մանր հափշտակություն կատարած անձինք այսուհետ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Որպես պատիժ նախատեսված է տուգանք՝ 200.000-500.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital