Քաղաքացիական գործերի քննության ենթակայության շուրջ Ընդհանուր իրավասության դատարանների և սնանկության դատարանի միջև տարաձայնություն ծագելու դեպքում քաղաքացիներն այլևս չեն հայտնվելու փակուղում, քանի որ իրավասու դատարանին այսուհետ որոշելու է Վճռաբեկ դատարանի նախագահը:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում գործում է մասնագիտացված սնանկության դատարանը, որին է վերապահված սնանկության գործերի վարումը: Սնանկության դատարանում` միևնույն սնանկության գործի շրջանակներում քննվում են նաև քաղաքցիաիրավական բոլոր այն վեճերը, որոնք ծագել են սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ և որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ:
Ղեկավարվելով վկայակոչված պահանջով` ընդհանուր իրավասության դատարանները մի շարք գործերով (օրինակ` գումարի բռնագանձման, գործարքի անվավերության, աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջներով) որոշում էին կայացնում քաղաքացիական գործերն ըստ ենթակայության մասնագիտացված սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին, որի հետ միշտ չէ, որ համաձայնում էր գործն ստացած սնանկության դատարանը: Գործերի քննությունն այս կամ այն դատարանին ենթակա լինելու վերաբերյալ օրենսդրությամբ հստակ տարանջատում սահմանված չլինելու պայմաններում Սնանկության մասնագիտացված դատարանը, հաճախ չհիմնավորված համարելով քաղաքացիաիրավական վեճի կամ պարտապանի գույքի լրակազմին առնչվելու ընդհանուր պայմանը, կամ պարզապես չհամաձայնելով որոշման մեջ տեղ գտած հիմնավորումների հետ, իր հերթին կայացնում էր որոշում քաղաքացիական գործը հետ ուղարկելու վերաբերյալ:
Եվ քանի որ մինչ այս պահը բացակայում էր դատարանների միջև առաջացած տարակարծությունը լուծող օրենսդրական մեխանիզմ, գործի քննությամբ շահագրգիռ անձինք գործնականում հայտնվում էին փակուղում:
Բանն այն է, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը քաղաքացիական գործերի ենթակայության շուրջ ծագած վեճով իրավասու դատարանին որոշելու մեխանիզմ էր սահմանել միայն վարչական դատարանից վերադարձված գործերի համար, իսկ մասնագիտացված մյուս` սնանկության դատարանից վերադարձված գործերի մասով առկա էր օրենսդրական բաց:
Հենց այս բացի լրացմանն էր ուղղված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածում կատարված լրացումը, որով սահմանվել է Վճռաբեկ դատարանի նախագահի` նման իրավիճակում իրավասու դատարանին որոշելու իրավասությունը: