Վիճակախաղերի մասին 2019 թվականի հոկտեմբերի 3-ին կատարված փոփոխությամբ մի շարք սահմանափակումներ է նախատեսվել վիճակախաղերի կամ անմիջականորեն տոտալիզատորի կազմակերպիչների համար:
2020 թվականի նոյեմբերի 1-ից Լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում, Հայաստանի Հանրապետության մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոնում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում:
Խաղասրահների, բուքմեյքերային գրասենյակների յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը
Կազմակերպիչը պարտավոր է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ քաղաքացիների` տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող` դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը:
Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով` անձի նույնականացման և նրա` օրենքով սահմանված տարիքը հասած լինելու հանգամանքն ստուգելու պարտադիր պայմանով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի` ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը /Այս մասով օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 7-րդ ամսվա 1-ից: