25 մարտի 2019 թվականին ՀՀ Ոստիկանության կողմից տրվել է թիվ N 1 ՊՊ պաշտոնական պարզբանումը երեխայի քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ:
Մասնավորապես, ինչպե՞ս է լուծվում Երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու հարցը, եթե ծնողներն ամուսնալուծված են կամ մեկ ծնողը բացակայում է:

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիությունը փոխելու իրավունքի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
Երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը մյուս ծնողի կողմից ներկայացնելու պահանջը սահմանելով` օրենքը որևէ բացառություն չի նախատեսել ծնողների ամուսնալուծված լինելու կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետախուզման մեջ գտնվելու կամ այլ դեպքերի համար:
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից: Նույն օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Միևնույն ժամանակ, օրենսգրքով հստակ սահմանվում են երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված ծնողական իրավունքից զրկելու կամ սահմանափակում նախատեսելու հիմքերը, որոնց առկայության պարագայում միայն ծնողը կարող է կորցնել երեխայի հետ կապված իր իրավունքները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք.
"Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին" օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով երեխայի քաղաքացիությունը փոխելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողների (ծնողի) համաձայնությունը` անկախ ծնողների ամուսնալուծված լինելու կամ ծնողներից մեկի հետախուզման մեջ գտնվելու կամ որևէ այլ հանգամանքից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital