Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2917/02/12 գործով անդրադարձել է գործարքի /Վարձակալության/ անվավերության հետևանքներին:
Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի "Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ" վերտառությամբ 61-րդ գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի գույքից` առանց այն ձեռք բերելու մտադրության, կամ ուրիշի ծառայություններից, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսել է ընդհանուր կանոն գործարքի անվավերության հետևանքների վերաբերյալ, այն է` կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է բացառություն այն դեպքերի համար, երբ ստացածը բնեղենով վերադարձնելն անհնար է: Նման դեպքերում կողմը պարտավոր է հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Որպես բացառություն` օրենսդիրն ինքնին նախատեսել է գույքից օգտվելը, այսինքն` կողմը, որն անվավերությանը նախորդող ժամանակահատվածում օգտվել է գույքից, որպես գույքից օգտվելը բնեղենով վերադարձնելու անհնարինություն` պարտավոր է հատուցել գույքից օգտվելու արժեքը: Փաստորեն, գույքի օգտագործման պայմանագրերի դեպքում "գործարքով ստացածը" հասկացությունը ենթակա է ավելի լայն մեկնաբանման: Նման մեկնաբանության պայմաններում "գործարքով ստացածը" նշանակում է ոչ միայն գործարքով ստացված գույքը բնեղենով, այլ նաև գույքի օգտագործման ողջ գործընթացը ներառյալ, հակառակ դեպքում` նշված հասկացությանը տրված ոչ համապատասխան մեկնաբանումը կարող է խեղաթյուրել իրավական նորմի բուն էությունը:
Այսինքն՝ վարձակալության պայմանագրի անվավերության հետևանքների կիրառումն ունի հետևյալ առանձնահատկությունները`
1. վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը դրսևորվում է գույքի օգտագործմամբ, հետևաբար` այն բնեղենով վերադարձնելն անհնար է,
2. վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձակալը պարտավոր է սեփականատիրոջը հատուցել գույքից օգտվելու արժեքը,
3. վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը` գույքից օգտվելու արժեքը, որոշվում է տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
Այսպիսով, վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձատուն իրավունք ունի պահանջել գույքը բնեղենով, ինչպես նաև որպես վարձակալության պայմանագրի անվավերության հետևանք գույքի փաստացի տիրապետման ամբողջ ժամանակահատվածի համար գույքից օգտվելու արժեքը` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է: