Այսուհետ, բոլոր այն դեպքերում, երբ կհաստատվի, որ նոր ծնված երեխայի հորից սերված երեխաների խնամքն ու դաստիարակությունը փաստացի իրականացրել է հայրը, երեխայի ծննդյան նպաստ սահմանելիս հորից ծնված երեխաները հաշվի կառնվեն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու հարցում:

Ընդ որում, նկատի ունենալով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված՝ երեխայի խնամքը ստանձնելու հարցը ծնողների փոխադարձ համաձայնությամբ որոշելու իրավական հնարավորությունը, կարևորություն չի տրվելու այն հանգամանքին, թե արդյոք երեխայի խնամքը հոր կողմից իրականացվել է դատարանի վճռի, թե երեխայի մոր հետ փոխադարձ համաձայնության հիման վրա:
Այսպիսի դիրքորոշում է հայտնել ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ ամրագրված իրավանորմի սահմանադրականության հարցը քննարկելիս (տես ՍԴՈ-1438 որոշումը):
Ինչպես հայտնի է, նոր ծնված երեխայի կարգաթվի որոշումը ծննդյան նպաստի նշանակման հարցում ունի վճռորոշ նշանակություն և իրավական կարգավորումներում տեղ գտած յուրաքանչյուր չհինմավորված պահանջ կարող է հանգեցնել կարգաթվի նվազեցմանը՝ հնարավոր 1. 500.000 ՀՀ դրամից նպաստի չափը հասցնելով ընդհուպ 50.000 ՀՀ դրամի:
Այս առումով անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, համաձայն գործող իրավակարգավորումների, հաշվի են առնվում ինչպես նոր ծնված երեխայի ծնողներից սերված երեխաները, այնպես էլ՝ նրանցից մեկից սերված երեխաները:
Եթե երկու ծնողներից սերված երեխաների ազդեցությունը նոր ծնված երեխայի կարգաթվի որոշման հարցում տարակարծությունների տեղիք չի տալիս, ապա նույնը չի կարելի ենթադրել ծնողներից միայն մեկից սերված երեխաների դեպքում:
Բանն այն է, որ նոր ծնված երեխայի կարգաթվի հաշվարկման հարցում կարևորվում է այն հարցը, թե արդյոք տվյալ ծնողն իրականացրել է երեխաների խնամքն ու դաստիարակությունը: Այսպես, օրինակ, միայն մորից սերված երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթվի հաշվարկում նշանակություն ունենալ չեն կարող, եթե պարզվի, որ անչափահաս տարիքում երեխաների խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից: Վերը նշված ձևակերպումը վկայում է, որ բոլոր դեպքերում գործում է մոր կողմից երեխաների խնամքն իրականացրած լինելու կանխավարկածը և հակառակը հաստատում է միայն երեխաների խնամքն այլ անձի հանձնված լինելու կամ երեխաների մորը ծնողական իրավունքներից զրկելու մասին դատական ակտի առկայությունը:
Հորից ծնված երեխաների պարագույում, մինչդեռ, երեխաների խնամքը հոր կողմից ստանձնած և իրականարած լինելու հանգամանքը հաստատվում էր երեխաների խնամքը հորը հանձնված լինելու մասին դատական ակտի առկայությամբ: Օրենսդրի նման մոտեցումը հակասում էր ՀՀ ընտանեկան օրենսգրքով ամրագրված՝ երեխաների խնամքին ու դաստիարակությանն առնչվող հարցերը ծնողների փոխադարձ համաձայնությամբ կարգավորվելու հնարավորություն նախատեսող իրավանորմին:
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների տրամաբանությանը, նշել է, որ իրավական ակտով ամրագրված տարբերակված մոտեցումը զուրկ է օբյեկտիվ հիմքից, քանի որ օրենսդիրն, ըստ էության, նախատեսել է երեխայի խնամքի հարցը որոշելու մի քանի ընթացակարգ, և անձի կողմից այս կամ այն ընթացակարգի ընտրությունը չի կարող վերջինիս համար բացասական իրավական հետևանքներ առաջացնել՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու իրավունքի իրացման տեսանկյունից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital