Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի` 8 Նոյեմբերի 2018 թվականի N 1256-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները:

Սահմանել Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները` համաձայն հավելվածի:
Սույն պահանջներով կարգավորվում են դեղատնից դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների հետ կապված հարաբերությունները:
Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
Դեղագետը կամ դեղագործը պատվերը գրանցելուց հետո պատվիրատուին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` դեղատանն առկա` նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի և դրանց գների վերաբերյալ, առանց ուղղորդման:
Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղեր չեն առաքվում:
Դեղերը պատվիրատուին առաքվում են ամբողջականությունը չխախտված սպառողական փաթեթներով` ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման ու տեղափոխման պայմանները և հատուկ ուշադրություն դարձնելով ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերին:
Առաքումն իրականացնելու նպատակով դեղատունը պետք է ունենա առանձին տեղափոխման տարա (պայուսակ), որն ապահովում է անհրաժեշտ ջերմային ռեժիմի ժամանակավոր կայունություն: Ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերն առաքելիս` պետք է ապահովել ջերմամեկուսիչ փաթեթավորում:
Առաքման ծառայության, ինչպես նաև դեղի արժեքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պատվիրատուի և դեղատան փոխպայմանավորվածության համաձայն դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով (հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր):

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital