2018 թվականի հունիսի 13-ին ընդունված «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 05.07.2018-ից կարգավորում է հաշտարարության կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Օրենքը չի կիրառվում ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող հաշտարարության նկատմամբ:

Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի` հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով:
Հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով:
Կողմերի միջև հաշտարարության վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում վեճը կարող է հանձնվել դատարանի քննությանը հաշտարարությունն ավարտելուց հետո:
Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:
Հաշտարարության ընթացքում բացահայտված կամ արտահայտած տեղեկությունները գաղտնի են և կարող են հրապարակվել կողմերի գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով և կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի (հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital