Սույն թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 16-րդ արձանագրությունը: Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությունը վավերացրել էր դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 27-ին:

Արձանագրության ուժի մեջ մտնելը, սակայն, պայմանավորվում էր Կոնվենցիայի տասը Բարձր պայմանավորվող կողմերի կողմից Արձանագրության 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները ստանձնելու վերաբերյալ իրենց համաձայնությունը հայտնելով:
Կարևորագույն այն փաստաթուղթը նախատեսում է Կոնվենցիան և կից արձանագրությունը վավերացրած անդամ երկրների բարձրագույն դատական ատյանների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև համագործակցություն:
Այն հնարավորություն է տալիս անդամ երկրների բարձրագույն դատական ատյաններին իրենց վարույթում գտնվող գործերով Կոնվենցիայով և դրա արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների կիրառման և մեկնաբանման սկզբունքային հարցերի վերաբերյալ Դատարանից ստանալ խորհրդատվական բնույթ կրող եզրակացություններ:
Նշենք, որ 16-րդ արձանագրությունը ուժի մեջ է մտել 10 երկրի համար, որոնց մեջ են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան և Ուկրաինան:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital