2018 թվականի մայիսի 22-ին –ին ընդունված օրենքով փոփոխություններ և լրացումներ է կատարվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքում:
Մասնավորապես տեղի է ունեցել աղբահանության վճարի դրույքաչափերի փոփոխություն ըստ հետևյալի.
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական հիսունից մինչև չորս հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև քսանհինգ Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.
2) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.
3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:
3. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
2) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու` օրենքով սահմանած կարգով` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
5. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափեր` հաշվի առնելով աղբի գոյացման վայրի (անշարժ գույքի) նպատակային կամ գործառնական նշանակությունը: